Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կարգավորվել են 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ընթացքում։
«Այս տարի, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և կառավարությունների, մեր նախարարությունների աշխատանքի շնորհիվ, կարգավորել ենք AZAL ընկերության ուղևորատար ինքնաթիռի աղետի հետևանքների հետ կապված բոլոր հարցերը», – ասել է Լավրովը։
Հիշեցնենք՝ AZAL-ի «Embraer-190» ինքնաթիռը, որը Բաքվից մեկնում էր Գրոզնի, 2024 թվականի դեկտեմբերի 25-ին կործանվել էր Ղազախստանի արևմուտքում՝ Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ փրկվել էր 29 մարդ։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն պահանջում է փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին և տուժածներին, ինչպես նաև հայտնել էր, որ Ռուսաստանին միջազգային դատարաններում դիմելու համար փաստաթղթեր են պատրաստվում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2025 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ ինքնաթիռի կործանման պատճառներից մեկը եղել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Նրա խոսքով՝ այդ օրը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետապնդել են Ռուսաստանի սահմանը հատած երեք ուկրաինական ԱԹՍ, իսկ արձակված հրթիռները չեն խոցել ինքնաթիռը անմիջականորեն, այլ պայթել են դրա մոտակայքում, ինչի հետևանքով օդանավը վնասվել է բեկորներից։
Պուտինը նաև հայտարարել էր, որ Ռուսաստանը կանի անհրաժեշտ քայլերը՝ կապված AZAL-ի ինքնաթիռի կործանման հետևանքով փոխհատուցումների հարցի հետ։
Անի Վարդանյան




























