Տարեսկզբից ի վեր Հունաստանում ավելի քան 300 մարդ է ձերբակալվել ամբողջ երկրում անտառներ հրկիզելու համար. դրանց մեծ մասը տեղի է ունեցել անզգուշության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հրշեջ ծառայության մամուլի քարտուղար Յանիս Արտոպիոսը ERT News հեռուստաալիքի եթերում։
«Հրդեհների առաջացման դեպքերի հետաքննության շրջանակներում կատարվել է 308 ձերբակալություն։ Դրանցից 272-ը վերաբերում են այն միջադեպերին, որոնք կապված են անփութության, իսկ 36-ը՝ դիտավորության հետ։ Տվյալները ցույց են տալիս, որ անփութությունը մնում է երկրում հրդեհների հիմնական պատճառը, ինչն է՛լ ավելի կարևոր է դարձնում կանխարգելումը և քաղաքացիների պատասխանատու վարքագիծը», – ասել է Արտոպիոսը։
Առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամիների պատճառով հրշեջ ծառայությունը գտնվում է բարձր օպերատիվ պատրաստվածության վիճակում, ընդգծել է մամուլի քարտուղարը:
Վերջին ամիսներին Հունաստանում շոգ եղանակի և ուժեղ քամիների պատճառով ամեն օր տասնյակ բռնկումներ են առաջացել անտառներում ու գյուղատնտեսական հողատարածքներում, որոնց մեծ մասը հրշեջները մարել են մեկ-երկու օրվա ընթացքում: Բացառություն է եղել Բեոտիայի մարզում և Ատտիկայի մարզի արևմուտքում հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը տևած խոշոր անտառային հրդեհը, որը ոչնչացրել է 11 300 հեկտար անտառային տարածք:




























