Armenian text to speach

Իջևանի քոլեջում աշխատակիցների ազատումներ են․ 53 տարի դասախոսած Զավեն Ալավերդյանը դիմել է դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Իջևանի «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամում աշխատակիցների ազատումների շուրջ լարված իրավիճակ է ստեղծվել։ Քոլեջի տնօրինության որոշմամբ աշխատանքից ազատվել են մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ 53 տարի հաստատությունում դասախոսած գրող, լրագրող և խմբագիր Զավեն Ալավերդյանը։

Ալավերդյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ օգոստոսի 25-ին քոլեջի տնօրեն Նարինե Իշխանյանի հրամանով ազատվել է աշխատանքից։ Պաշտոնական հիմքում նշված է, որ նա հունիսի 9-ին և 23-ին անհարգելի պատճառով բացակայել է աշխատանքից։

Սակայն Ալավերդյանը պնդում է, որ նշված օրերին քոլեջում դասեր չեն եղել, իսկ ինքը առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի ներկայացել։ Նրա խոսքով՝ Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնից գործատուին ներկայացրել է անաշխատունակությունը հավաստող տեղեկանքներ։

«Ինձ աշխատանքից ազատելն ապօրինի եմ համարում»,- նշել է Ալավերդյանը։

Նրա փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվել են նաև քոլեջի հավաքարար Էմմա Օրդինյանը, գրադանավար Սաշա Հովսեփյանը և պահակ Գագիկ Մարկոսյանը։ Վերջինս, ըստ Ալավերդյանի, իր աշխատանքից ազատելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով արդեն դիմել է դատարան։

Վեճը սկսվել էր նկատողությունից

Զավեն Ալավերդյանի և քոլեջի տնօրինության միջև տարաձայնությունները, ըստ նրա, սկսվել են այն բանից հետո, երբ նա սոցիալական ցանցերում բարձրաձայնել է ուսումնական պարապմունքների ընթացքում քոլեջի դռները փակելու հարցը։

Ալավերդյանի պնդմամբ՝ այդ պայմաններում շուրջ 350 ուսանողների և 80 աշխատակիցների համար կարող են ստեղծվել վտանգավոր իրավիճակներ՝ երկրաշարժի, հրդեհի կամ արտակարգ այլ դեպքերի ժամանակ։

Դրանից հետո նա բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձրաձայնելով իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին։

Ալավերդյանը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժն անվավեր ճանաչելու պահանջով։

Այնուհետև քոլեջի այն ժամանակվա տնօրենի պաշտոնակատար Մարգարիտ Պողոսյանը Ալավերդյանին երկրորդ նկատողությունն է տվել։ Այդ հրամանն անվավեր ճանաչելու պահանջով ևս Ալավերդյանը դիմել է դատարան։

Դատարանը մեկ նկատողությունն արդեն անվավեր է ճանաչել

Այս պատմության մեջ արդեն կա նաև դատական հանգուցալուծում։ Հուլիսի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Անանյանը բավարարել է Զավեն Ալավերդյանի հայցը և անվավեր ճանաչել Մարգարիտ Պողոսյանի կողմից տրված հրամանը։

Դատարանի վճռով՝ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամից պետական բյուջե պետք է բռնագանձվի նաև 20 հազար դրամ՝ որպես պետական տուրքի գումար։

Միաժամանակ, Ալավերդյանի մյուս հայցը՝ 2026 թվականի հունիսի 2-ի N62-26 հրամանով իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, դեռևս քննվում է նույն դատավոր Նարինե Անանյանի կողմից։

Հարցեր՝ քոլեջի ղեկավար կազմի վերաբերյալ

Ալավերդյանը նաև հարցեր է բարձրացնում քոլեջի ղեկավար կազմի մասնագիտական համապատասխանության վերաբերյալ։

Նրա խոսքով՝ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջը» գյուղատնտեսական ուղղվածություն ունի, մինչդեռ տնօրեն Նարինե Իշխանյանը և նրա տեղակալներ Մարգարիտ Պողոսյանն ու Լաուրա Գևորգյանը, ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ չեն և համապատասխան կրթություն չունեն։

Ալավերդյանը մասնավորապես նշում է, որ Մարգարիտ Պողոսյանը նորարարությունների և զարգացման գծով մասնագետ է, իսկ Լաուրա Գևորգյանը՝ ֆրանսերենի մասնագետ։

Նարինե Իշխանյանը քոլեջի տնօրեն է նշանակվել հոգաբարձուների խորհրդի քվեարկությամբ։

Այսպիսով, Իջևանի քոլեջում աշխատակիցների ազատումների և տնօրինության հետ առաջացած տարաձայնությունների պատմությունը տեղափոխվել է նաև իրավական դաշտ։ Մինչդեռ Զավեն Ալավերդյանի վերջին ազատման իրավաչափության հարցը, նրա դիրքորոշմամբ, ևս վիճարկվելու է։

Նյութը պատրաստեց՝
Ոսկան Սարգսյան




Լրահոս