Armenian text to speach

ՖՈՏՈ․Նյու Յորքի նորաձևության շաբաթը՝ հսկա միջատներից մինչև արտասովոր կոշիկներ․ ինչ է թելադրում բարձր նորաձևությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքում անցկացված Նորաձևության շաբաթը այս տարի աչքի է ընկել ոչ միայն նոր հավաքածուներով, այլև թատերական ներկայացումներով, վառ կերպարներով ու արտասովոր լուծումներով։ CNN-ը ներկայացրել է միջոցառման ամենաուշագրավ դրվագներն ու դիզայներների նոր մոտեցումները։

Նյութի համաձայն՝ այս տարվա ցուցադրություններում դիզայներներն ավելի շատ կենտրոնացել են իրենց արդեն ձևավորված ոճային առանձնահատկությունների վրա՝ փորձելով ոչ այնքան ստեղծել հերթական վիրալային պահը, որքան ընդգծել իրենց բրենդների ինքնատիպությունը։

Eckhaus Latta-ն Նյու Յորքի Նորաձևության շաբաթում ներկայացրել է J.Crew մանրածախ բրենդի հետ նոր համագործակցությունը։ Ցուցադրությունն անցկացվել է լոֆթային երեկույթի ձևաչափով, որտեղ ներկայացված են եղել ցանցային հագուստներ և PVC-ից պատրաստված արտասովոր կոշիկներ։

Թոմ Բրաունը, իր հերթին, ցուցադրության համար ստեղծել է հսկայական այգու տեսարան, որի կենտրոնում ներկայացված էին միջատներից ոգեշնչված հագուստներ։ CNN-ը նշում է, որ ցուցադրությունը միաժամանակ համադրել է թատերականությունը, ճշգրիտ կարուձևը և խաղային մոտեցումը։

Նյու Յորքի նորաձևության շաբաթում ներկայացվել են նաև ավելի դասական և գլամուրային լուծումներ։ Carolina Herrera-ն նշել է բիզնեսում իր գործունեության 45-ամյակը։ Նորաձևության տունը ցուցադրությունն անցկացրել է Դեյվիդ Հ. Կոխի թատրոնում, որը ձևավորված էր կակաչներով։

Daniella Kallmeyer-ը ներկայացրել է դասական կարվածքով բաճկոններ, տրիկոտաժե հագուստներ և ատլասե բլուզներ։ Sandy Liang-ը շարունակել է շեշտադրել կանացի ոճը՝ հավաքածուում ներառելով պոլկա-դոտ նախշերով բոմբերներ և տուտու ոճի միջին երկարության կիսաշրջազգեստներ։

Diotima-ի և Proenza Schouler-ի դիզայներ Ռեյչել Սքոթն էլ ուշադրություն է դարձրել հագուստի հյուսվածքներին, վառ պրինտներին և մորթե դետալներին՝ շեշտադրելով զգեստների ավելի համարձակ և արտահայտիչ կողմը։

CNN-ի ներկայացմամբ՝ 2026 թվականի Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա ցուցադրություններում ընդհանուր առմամբ նկատելի էր դիզայներների ձգտումը վերադառնալ սեփական ոճային «կոդերին»՝ համադրելով նորաձևությունը թատերականության, հումորի և ժամանցային տարրերի հետ։

Անի Վարդանյան

 




Լրահոս