Armenian text to speach

Ո՞վ է Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալը և ի՞նչ ունեցվածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել, թե ովքեր են զբաղեցնում պետական համակարգում կարևոր պաշտոններ, ինչ ճանապարհ են անցել և ինչ ունեցվածք են հայտարարագրել։

Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում է Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ Հրանտ Ջիլավյանը։

Ո՞վ է Հրանտ Ջիլավյանը

Հրանտ Ջիլավյանը ծնվել է 1995 թվականին և մասնագիտությամբ իրավաբան է։ Մինչև Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալի պաշտոնում նշանակվելը նա աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, իսկ որոշ ժամանակ զբաղեցրել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Ջիլավյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։

Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալի պաշտոնը նա ստանձնել է 2024 թվականի փետրվարի 6-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Ջիլավյանի՝ 2024 և 2025 թվականների հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե այդ ժամանակահատվածում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել նրա ունեցվածքում, դրամական միջոցներում և եկամուտներում։

Անշարժ գույք

2024 թվականին Ջիլավյանն ունեցել է Երևանի տարածքում գտնվող բնակարանի 1/3 բաժնային սեփականություն։ Բնակարանը ձեռք է բերվել 2021 թվականի նոյեմբերի 24-ին՝ գնման եղանակով։

2024 թվականի ընթացքում նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ անշարժ գույք չի օտարել։

2025 թվականի սկզբում նրա ունեցվածքում կրկին առկա է եղել նույն բնակարանի 1/3 բաժինը։ Տարվա ընթացքում նույնպես անշարժ գույքի ձեռքբերում կամ օտարում չի արձանագրվել։ Այսինքն՝ 2025 թվականի վերջին Ջիլավյանի անշարժ գույքի մասով փոփոխություն չի եղել։

Ավտոմեքենա

2024 թվականի հայտարարագրում Ջիլավյանը ունեցել է 2004 թվականի արտադրության Volkswagen ավտոմեքենա, որը ձեռք էր բերել 2023 թվականի ապրիլի 21-ին։

2025 թվականին, սակայն, մեքենայի մասով փոփոխություն է տեղի ունեցել։ Հոկտեմբերի 14-ին Ջիլավյանը ձեռք է բերել 2021 թվականի արտադրության Nissan ավտոմեքենա՝ 5 մլն 800 հազար դրամով։ Դրանից հետո՝ նոյեմբերի 10-ին, Ջիլավյանը 2 մլն 50 հազար դրամով վաճառել է 2004 թվականի Volkswagen-ը։

Այսպիսով, 2025 թվականի վերջին Ջիլավյանի հայտարարագրում առկա է եղել 2021 թվականի արտադրության Nissan ավտոմեքենան։

Դրամական միջոցներ

2024 թվականի սկզբում Ջիլավյանի չորս բանկային հաշիվներում առկա է եղել ընդհանուր 1 մլն 746 հազար 939 դրամ, իսկ տարվա վերջում՝ 5 մլն 664 հազար 375 դրամ։

Այսինքն՝ բանկային հաշիվների մնացորդներն ավելացել են 3 մլն 917 հազար 436 դրամով։

Կանխիկ միջոցները, հակառակը, նվազել են․ 2024 թվականի սկզբում Ջիլավյանը հայտարարագրել էր 4 մլն 750 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 3 մլն 700 հազար դրամ։

2025 թվականին բանկային հաշիվներում առկա գումարն արդեն զգալիորեն աճել է։ Տարվա սկզբում չորս հաշիվներում եղել է համապատասխանաբար 6,750 դրամ, 212,774 դրամ, 5 մլն 300 հազար 800 դրամ և 144,051 դրամ։

Տարվա վերջում նույն հաշիվների մնացորդները կազմել են համապատասխանաբար 7,060 դրամ, 422,052 դրամ, 10 մլն 51 հազար 828 դրամ և 1 մլն 176 հազար 768 դրամ։

Այսպիսով, 2025 թվականի սկզբի 5 մլն 663 հազար 375 դրամի փոխարեն տարվա վերջին բանկային հաշիվներում Ջիլավյանն ունեցել է 11 մլն 657 հազար 708 դրամ։

Կանխիկ գումարը ևս փոփոխվել է․ եթե 2025 թվականի սկզբում այն կազմել է 3 մլն 700 հազար դրամ, ապա տարեվերջին՝ 1 մլն 750 հազար դրամ։

Եկամուտ

2024 թվականին Հրանտ Ջիլավյանի ընդհանուր եկամուտը կազմել է 18 մլն 77 հազար 400 դրամ։

Դրանից 15 մլն 399 հազար 224 դրամը ստացել է Արտաքին հետախուզության ծառայությունից, 1 մլն 861 հազար 266 դրամը կազմել է եկամտային հարկի վերադարձը, 496 հազար 910 դրամը ստացել է Երևանի պետական համալսարանից, իսկ ևս 320 հազար դրամ հայտարարագրվել է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով։

2025 թվականին նրա ընդհանուր եկամուտն արդեն կազմել է 26 մլն 835 հազար 865 դրամ։

Այդ գումարից 22 մլն 253 հազար 54 դրամը ստացել է Արտաքին հետախուզության ծառայությունից, 548 հազար 133 դրամը՝ Երևանի պետական համալսարանից, 1 մլն 818 հազար 206 դրամը կազմել է եկամտային հարկի վերադարձը։

Բացի այդ, ԱԿԲԱ Բանկից ստացած այլ եկամուտը կազմել է 166 հազար 472 դրամ, իսկ Volkswagen-ի վաճառքից Ջիլավյանը ստացել է 2 մլն 50 հազար դրամ։

Այսպիսով, 2025 թվականին նրա հայտարարագրված եկամուտը 2024 թվականի համեմատ ավելացել է 8 մլն 758 հազար 465 դրամով։

Վարկային պարտավորություններ

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ջիլավյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 42 մլն 760 հազար 445 դրամ։

Դրանցից մեկը կազմել է 24 մլն 550 հազար դրամ, որը կապված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում կառուցվող շենքի նախագծային բնակարանի հետ։

Մյուս վարկի մնացորդը կազմել է 18 մլն 210 հազար 445 դրամ և կապված է Երևանի Նորք-Մարաշում գտնվող բնակարանի հետ։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը նվազել է և կազմել 40 մլն 643 հազար 836 դրամ։

Դրանցից մեկի մնացորդը կազմել է 22 մլն 995 հազար 608 դրամ, մյուսինը՝ 17 մլն 648 հազար 228 դրամ։

Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են ընդհանուր 5 մլն 485 հազար 35 դրամ։

Ինչ է փոխվել մեկ տարվա ընթացքում

Եթե 2024 թվականի վերջում Հրանտ Ջիլավյանի ունեցվածքում առկա էր Երևանի բնակարանի 1/3 բաժինը, 2004 թվականի Volkswagen, ապա 2025 թվականի վերջում բնակարանի բաժինը մնացել է անփոփոխ, Volkswagen-ը փոխարինվել է 2021 թվականի Nissan-ով ։

Միաժամանակ, նրա բանկային հաշիվների ընդհանուր մնացորդը 5 մլն 664 հազար 375 դրամից հասել է 11 մլն 657 հազար 708 դրամի, իսկ կանխիկ գումարը 3 մլն 700 հազար դրամից նվազել է մինչև 1 մլն 750 հազար դրամ։

Տարեկան եկամուտը ևս աճել է՝ 18 մլն 77 հազար 400 դրամից հասնելով 26 մլն 835 հազար 865 դրամի, իսկ վարկային պարտավորությունների մնացորդը 42 մլն 760 հազար 445 դրամից նվազել է մինչև 40 մլն 643 հազար 836 դրամ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս