ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՓՈՐՆԵՐԸ ԲՌՆՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանությունը Վարդենիսում ձերբակալել է 7 հոգանոց մի խումբ, որը Սոթքի ոսկու հանքից ոսկու հանքաքար է գողացել: Պարզվում է՝  խումբը դեռ վաղուց է ոստիկանության ուշադրության կենտրոնում  եղել, իսկ վերջին հինգ օրերի ընթացքում առանձնակի հետեւել են այդ խմբին եւ հենց  «աշխատավայրում» էլ նրանց ձերբակալել: Իրենց մտադրությունն իրականացնելու համար ոսկու գողերը փորել են շուրջ 1,5 կիլոմետրանոց թունել, սակայն որեւէ արդյունքի չեն հասել:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 08:30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի եւ Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սոթքի ոսկու հանքի տարածքում գտնվող թիվ 75 հանքախորշից բերման են ենթարկվել 7 երիտասարդներ` 21-ամյա Էդվարդ Ավետիսյանը` Վանեվան գյուղից, 27-ամյա Արման Ավետիսյանը, 46-ամյա Մարտիկ Ստեփանյանը` Ծովակ գյուղից, 30-ամյա Վարդան   Գեւորգյանը, 29-ամյա Դավիթ Բադալյանը, 30-ամյա Արմեն Պուպույանը`  Վարդենիս քաղաքից եւ 21-ամյա Նարեկ Գեւորգյանը:
Այնուհետեւ ձերբակալվել են Վարդենիսի բնակիչներ 30-ամյա Վանուշ Արզոյանը  եւ 35-ամյա Տարոն Հովհաննիսյանը: Պարզվել է, որ Վանուշն ու Տարոնը կազմել են հանցավոր խումբ եւ մոտ 3 ամիս հիշյալ անձանց 5.000 դրամ օրավարձով աշխատեցրել Սոթքի ոսկու հանքի տարածքում գտնվող հանքախորշում` ոսկու հանքանյութ գողանալու նպատակով: Երեկ կազմակերպողների թվին ավելացել էր ոմն Լեռնիկ, որը եւս հանցախմբի ղեկավարներից է: Վանուշին, Տարոնին եւ Լեռնիկին ոստիկանությունը նույնպես բերման է ենթարկել բաժին:
Երիտասարդների կողմից կուտակված է եղել հանքանյութ, որը, սակայն, չեն կարողացել դուրս բերել ու տեղափոխել, քանի որ հայտնաբերվել են ոստիկանության ծառայողների կողմից: Ի դեպ,  մեր տեղեկություններով` Տարոնը Վանուշի աներորդին է, եւ նրանք  երկուսով են այս շահութաբեր «գործը» սկսել, ապա նրանց միացել է նաեւ իրենց ընկեր Լեռնիկը:
Համաձայն մեր աղբյուրների` «չղջիկների» այս խումբը երեք ամիս շարունակ անընդմեջ ոսկի է փնտրել: Աշխատակազմի տեղափոխման միջոցը եղել է սպիտակ «ՎԱԶ 2121» նիվա մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է Տարոնին: Վերջինս վերը նշված երիտասարդներին իր մեքենայով տեղափոխել է  այդ հանքահորի մոտ: Երիտասարդները տեղում են փոխվել, հագել են իրենց աշխատանքային շորերը եւ սկսել հանքափորությունը: Վերջիններս անգամ լույս են քաշել թունելի ներսում եւ ակտիվորեն աշխատել` հուսալով,  որ օրերից մի օր ոսկին կգտնեն:
Նշենք, որ երիտասարդները շատ վտանգավոր արկածախնդրության են գնացել` նման աշխատանքի ռիսկայնությունը գնահատվում է  50/50:  Հայտնի փաստ է, որ աշխարհում ամենավտանգավորը հանքափորի եւ լրագրողի մասնագիտություններն են:  Բացի վտանգավորության աստիճանից, այս երիտասարդներն աշխատել են նաեւ շատ անմարդկային պայմաններում: Ամիսներով տանջվել են` չեն քնել, չեն սնվել, իսկ արդյունքում հայտնվել են ոստիկանությունում: Ինչեւիցե, այս պայմաններին քաջատեղյակ լինելով`  Վարդենիսի երիտասարդները դիմել են նման քայլի` իրենց ընտանիքները պահելու համար, քանի որ չունեն աշխատանք կամ գոյատեւման միջոց: Ընդ որում, խմբի ղեկավարները վերը նշված երիտասարդներին խաբել են` հավաստիացնելով, թե իրենք ամեն ինչ օրենքով են անում, անգամ ինչ-որ կնիքով թուղթ են ցույց տվել` ապացուցելու համար, որ իրենց աշխատանքն օրինական է:
Մեր տեղեկություններով` այս խմբի «պարագլուխը» Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանն է, որի «կանտրոլի» տակ է գտնվում հանքափորների աշխատանքը: Սակայն Սարգսյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը` վստահեցնելով, որ ինքը որեւէ կապ չունի նրանց հետ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ձերբակալվածների ընտանիքների անդամների հետ, որոնք շատ շփոթված եւ անհուսալի վիճակում էին: 29-ամյա Դավիթ Բադալյանի կինը` 27-ամյա Գայանե Հակոբյանը, պատմեց, որ իր ամուսինը մեկ ամիս է` ներգրավվել է այդ խմբի մեջ, սկզբում ՌԴ-ում է աշխատել, սակայն վերջերս վերադարձել է հայրենիք` աշխատանք գտնելու ակնկալիքով. «Մենք աշխատանք չունենք, երկու երեխա ունեք, մենք չենք կարողանում ապրել, իրան բանվոր են կանչել, որ աշխատի, 5000 դրամ տան, բայց իրան մի կոպեկ չեն տվել, մեծ ընտանիք է, հազիվ հաց ենք կարում ճարենք, ոստիկանությունը եկավ, հետախուզեց, բայց ոչ մի բան էլ չեն գտել, որովհետեւ ոչ մի բան չկա, չենք իմանում` ինչ անենք»:
Նույնն ասաց Վարդենիս քաղաքի բնակիչ 30-ամյա Արմեն Պուպույանի մայրը` Սիլվա Գալստյանը` նշելով, որ մեծ ընտանիք են, իսկ ընտանեկան ամբողջ հոգսն Արմենի վրա է. «Մեր տանից ընդամենը մեկն է աշխատում, «Փարոս» չենք ստանում, երկու երեխա ունի, անգամ էդ խոստացած գումարն էլ չեն տվել, հիմա էլ ոստիկանությունը եկել, տունն է խուզարկում, բայց բան չկա, իմ տղան պատահաբար հայտնվեց էդ ամենի մեջ»:
Մեր հավաստի տեղեկությունների համաձայն`  այս խմբին ոստիկանությունը վաղուց է հետեւել եւ նրանց յուրաքանչյուր քայլի մասին արդեն իսկ տեղյակ է եղել: Վնասի չափը դեռեւս պարզվում է: Կատարվում է նախաքննություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս