Դեկտեմբերի 3-4-ը Մոսկվայում կայացել է կիոկուշին-կայ մարզաձեւի աշխարհի առաջին մանկապատանեկան առաջնությունը, որին մասնակցել են 40 երկրների մարզիկներ: Կիոկուշինը կարատեի տեսակ է, ճապոնական ոճ, որի հիմնադիրը, սակայն, կորեացի է: Առաջնությանը, որպես Հայաստանի ընտրանի, մասնակցել է «Միկա» թիմը: Հայաստանցի մարզիկներից աշխարհի չեմպիոն է դարձել միայն 60 կգ քաշային կարգում հանդես եկած 14-ամյա բագրատաշենցի Արմեն Աբովյանը: Նա առաջնությունում 4 մրցամարտ է անցկացրել` եզրափակչում հաղթելով Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկին: Արմեն Աբովյանը 7 տարի զբաղվում է այդ մարզաձեւով, սեւ գոտի առաջին դան է: Նրա հաջողությունների մեջ մեծ է նրա մարզիչ, 30-ամյա Արմեն Կիրակոսյանի ներդրումը: Վերջինս 2003 թվականից Բագրատաշենում ուսուցանում է կիոկուշին-կայ, խրախուսում է իր սաների հաջողությունները. պատանի մարզիկներից ով դառնում է Հայաստանի չեմպիոն, ազատվում է պարապմունքների համար ամսական վճար մուծելուց: Արմեն Կիրակոսյանը հայտնեց, որ մինչեւ աշխարհի առաջնությունը, կայացել էր Հայաստանի ընտրանու անդամների ընտրություն, եւ իր սաներից 4-ը պետք է ընդգրկվեին թիմի կազմում: Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով երեքը չեն մեկնել Մոսկվա: Մարզիչը, որպես աջակցող, նշում է միայն Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանին: Զարմանալի է, որ մարզական այս հաջողության կապակցությամբ Արմեն Աբովյանին եւ նրա մարզչին չեն ընդունել, մեծարել մարզային իշխանությունները: Անգամ մարզում գործող լրատվամիջոցներն այս իրադարձությունը չեն լուսաբանել:
ՄՈՌԱՑՎԱԾ ՉԵՄՊԻՈՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ