Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում հայտարարել է ռուսական ագրեսիայի «նոր մակարդակի» մասին՝ Եվրոպայում տեղի ունեցած մի շարք միջադեպերի, այդ թվում՝ Լեհաստանի և Մոլդովայի օդային տարածքների խախտումների, ինչպես նաև Դանիայում ԱՄՆ և Ուկրաինայի քաղաքացու դեմ ենթադրյալ մահափորձի ֆոնին։
«Վերջին 24 ժամվա ընթացքում մեր եվրոպացի մի շարք գործընկերներ և դաշնակիցներ կրկին բախվել են լուրջ միջադեպերի, որոնք վկայում են Ռուսաստանի ագրեսիայի նոր մակարդակի մասին», — հայտնել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը համերաշխություն է հայտնել Լեհաստանին, որի օդային տարածքը, նրա խոսքով, նախօրեին խախտել են երկու ռուսական հրթիռ և մեկ ռուսական անօդաչու թռչող սարք։ Երեքն էլ հետագայում ընկել են Լեհաստանի տարածքում։
Մակրոնը նաև հայտնել է, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Մոլդովայի օդային տարածքի շարունակվող խախտումների մասին։
Բացի այդ, Ֆրանսիայի ղեկավարը աջակցություն է հայտնել Դանիային այն բանից հետո, երբ Դանիայի իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես պատասխանատու են ճանաչել իրենց տարածքում ԱՄՆ և Ուկրաինայի քաղաքացու դեմ մահափորձի համար։ Մակրոնը նաև աջակցել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալին, որը հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանով ավտոմոբիլային տարանցումը սահմանափակելու մասին։
«Սաստկացնելով Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը և միաժամանակ ագրեսիվ քաղաքականություն վարելով եվրոպական տարածքում՝ Ռուսաստանն անպատասխանատու ռիսկի է դիմում։ Դա կարող է միայն էլ ավելի մեկուսացնել նրան և ամրապնդել եվրոպացիների, ինչպես նաև բոլոր նրանց վճռականությունն ու միասնությունը, ովքեր ցանկանում են աշխատել հանուն մեր մայրցամաքում խաղաղության և կայունության», — ընդգծել է Մակրոնը։
























































































