Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ում կմասնակցեն բանակցությունների, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
«Գյուլերը հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Հեգսեթի հետ։ Անկարան ակտիվացնում է ջանքերը՝ Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ ԱՄՆ-ի հետ առկա տարաձայնությունները լուծելու համար։ Հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ Զեքի Ակտյուրքը հայտարարել է, որ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 30-ին», – հաղորդել է գործակալությունը։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը նախկինում հայտարարել էր, որ Անկարայի համար այժմ հնարավորություն է բացվել լուծելու S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հարցը Միացյալ Նահանգների հետ, նախքան ԱՄՆ Կոնգրեսի՝ Դեմոկրատական կուսակցության վերահսկողության տակ անցնելը։ Օքթայի խոսքերով՝ դեմոկրատները կարող են կասկածամիտ լինել Թուրքիայի՝ F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու հեռանկարների վերաբերյալ։
Նա նաև ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանը զգալի առաջընթաց են գրանցել S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցություններում, սակայն մանրամասներ չի հայտնել։
Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Թուրքիան չի կարող վերադառնալ F-35 ծրագրին, քանի դեռ ունի S-400 ՀՕՊ համակարգեր։
























































































