Այսօր ժամը 15:00-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ <Ժողովուրդ> օրաթերթի: Եւ քանի որ “Ժողովուրդ”-ն էլ իր հերթին է հակընդդեմ հայցով դիմել դատարան, ուստի անհրաժեշտ էր, որ դատավոր Արթուր Թամրազյանը ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22 հոդվածի կանոններով, նշանակեր նախնական դատական նիստ: Սակայն դատավորը խախտել է օրենքը:Այսօրվա դատական նիստի ընթացքում “Ժողովուրդ” օրաթերթի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը միջնորդեց, որ դատավորն անցկացնի նախնական դատական նիստ, քանի որ ներկայացվել է հակընդդեմ հայց եւ ապացուցման խնդիրներ կան: Սակայն մարզպետի ներկայացուցիչները առարկեցին: Իսկ գործում որպես երրորդ անձ ներգրավված Աննա Թորոսյանը համաձայնեց “Ժողովուրդ”-ի ներկայացուցչի հետ: Երբ դատավորը մերժեց օրաթերթի ներկայացուցչի միջնորդությունը, Ճարոյանը 3 օր ժամանակ խնդրեց դատավորից` նրան ինքնաբացարկ ներկայացնելու համար: Այս միջնորդությունը բավարարվեց: Դատական հաջորդ նիսը կկայանա հունվարի 19-ին ժամը 16:00-ին:Հիշեցնենք, որ “Ժողովուրդ” օրաթերթը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերը այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով` դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցին անցկացնելու համար: Այս հրապարակումից մարզպետը վիրավորվել է: Պողոսյանը “Ժողովուրդ”-ից պահանջում է 2,5 մլն դրամ` իրեն զրպարտելու եւ վիրավորելու դիմաց, իսկ “Ժողովուրդ” օրաթերթը հակընդդեմ հայցով մարզպետից հրապարակային ներողություն է պահանջում եւ սիմվոլիկ մեկ լումայի փոխհատուցում:
Ինքնաբացարկ դատավորին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ