«Պետական գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ իր համար անընդունելի է այն օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պետական պահպանության ենթակա անձանց սպասարկման ծախսերն իրականացնել գաղտնիության պամաններում: Ըստ Բիշարյանի, այդ ծախսերը պետք է լինեն թափանցիկ, ինչպես որ միշտ եղել են:
«Ես չեմ հասկանում, թե ինչի համար է սա արվում: Ի՞նչ է փոխվել: Մենք երբեք չենք կենտրոնացել մեր ղեկավար մարմինների ծախսերի վրա: Լրատվամիջոցներն են երբեմն անդրադարձել դրանց, սակայն սա նորմալ է, եւ չեմ կարծում, որ հիմքեր կան նման նախագիծ բերել եւ արտահերթ ռեժիմով քննարկել»- նշեց նա:
Հ. Բիշարյանի համոզմամբ, Հայաստանի նման փոքր երկրում ուղղակի անընդունելի է սպասարկման ծախսերը թաքցնել: Նա նաև նշեց, թե հարգում է պետական այդ մարմինների աշխատանքը եւ գտնում է, որ մարդկանց պիտի հյուրասիրել, քանի որ դրսում էլ իրենց են պատիվ տալիս:
«Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին՝ համարելով, որ շատ ավելի կարևոր օրենքներ կան, որ մենք պետք է քննարկենք եւ ընդունենք, քան այս նախագիծը, որը չգիտես ինչու բերվել եւ քննարկվում է արտահերթ ռեժիմում»,- ասաց պատգամավորը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյաննլ էլ պարզաբանեց, որ այս նախագիծը համաձայնեցրել է իր հետ, իսկ ինքը թույլ է տվել, որ այն մտնի օրակարգ: