Ազգային ժողովն այսօր քննարկում էր Կառավարության կողմից ներկայացրած «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ սույն օրենքով սահմանվում են պետական պարգևները, պատվավոր կոչումներն ու դրանց տեսակները:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին» մեկ միասնական օրենքի նախագիծը, որով կմիավորվեն գործող «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ գործող օրենքները:
Միաժամանակ նախատեսվել են նաեւ մի շարք նոր կարգավորումներ, այդ թվում՝ պարգևների նոր տեսակներ՝ Երախտագիտության մեդալ, Աշխատանքային վաստակի համար մեդալ, Ծնողական փառքի մեդալ և այլն: