ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ երեկ բողոքի ակցիա էին անում «Գաբ բնակշին» ընկերության կողմից խաբված եւ անտուն մնացած քաղաքացիները: Վերջիններս սպառնում են պայքարել մինչեւ վերջ ու բոլոր հնարավոր միջոցներով` նախագահականի մոտ նստացույց, շուրջօրյա հացադուլ եւ այլն: Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներն Արամի 72-80, Երկմալյան 1-3 հասցեների եւ Բուզանդի փողոցի բնակիչներն են, որոնց բնակարանները «Գաբ բնակշին» ընկերությունը վաճառել է նաեւ այլ անձանց: Հարուցվել է քրեական գործ, բայց «Գաբ բնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը հեռացել է երկրից:
ՁԵՎԱԿԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտի հանդիպումը մարտի 1-ի զոհերի հարազատների հետ տեւել է ընդամենը 21 րոպե, որի ընթացքում նա գրեթե չի թողել, որ զոհերի հարազատները խոսեն՝ ասելով, թե ինքն ամեն ինչ գիտի: Զոհերի ծնողները Պրեսկոտին հարցրել են, թե ԵԽԽՎ-ում ինչ դրական առաջընթաց են տեսել, որ հայտարարել են մարտի 1-ի գործի փակ լինելու մասին, ինչին նա պատասխանել է, թե նման հիմք տվել է Ս.Սարգսյանի կողմից գործի նախաքննությունն ակտիվացնելու հանձնարարությունը:
ՀԱՑԱԴՈՒԼ ՉԵՆ ԱՆԻ
«Նուբարաշեն»-ում պահվող շուրջ 20 ցմահ դատապարտվածները հացադուլ չեն անի Հայաստանի նախագահի ներկայացուցչի հետ հանդիպելու պայմանով: Հանդիպման օրը դեռեւս ճշտված չէ: Ցմահ բանտարկյալները պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը եւ իրենց պատիժները համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխություններին:
ԼԻՍԿԱՆ ՁԱՅՆ ՉՈՒՆԻ՞
Գործարար Սիլվա Համբարձումյանը չի բացառել առաջիկայում Հանրապետական դառնալու հեռանկարը: Այդ մասին նա ասել է Aravot.am-ին: Հարցին, թե հնարավոր համարում է, որ Սուրեն Խաչատրյանը, լինելով ՀՀԿ-ական, թույլ կտա, որ իր կուսակցական ընկերը դառնա, Համբարձումյանը պատասխանել է. «Կարծում եմ` ինքը ձայն չի ունենա, էլի, որ թույլ տա կամ չտա»:
ԿՔՆՆԱՐԿԵՆ
Հայ ազգային կոնգրեսն այսօր կայանալիք քաղաքական խորհրդի նիստում քննարկելու է խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձեւաչափը: Առայժմ հայտնի չէ` արդյոք Կոնգրեսը քննարկելու է նաեւ ընտրացուցակների հարցը:
ՊԱՏՐԱՍՏ ՉԷ
Հատուկ քննչական ծառայությունում քննվող ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով հետաքննությունն ավարտվել է, սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մեղադրական եզրակացությունն առայժմ պատրաստ չէ: Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քր. օր-ի 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով: