Այսօր Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի գործով դատական նիստը:
Armlur.am-ի հետ զրույցում բնակիչները դժգոհություն հայտնեցին նիստը նախագահող Մարինե Մելքոնյանից:
Ըստ բնակիչների, դատավորը չի կարողանում պատշաճ ձևով ղեկավարել դատական նիստերը, ինչից օգտվում են ամբաստանյալի աթոռին նստած կոոպերատիվի ղեկավարները և անվերջ «ֆռռացնում են» թե դատավորին, թե մեղադրող դատախազին:
Այսօր հերթական անգամ ցուցմունք տվեց կոոպերատիվի նախագահի օգնական Լուսաբեկ Սամվելյանը, և կրկին խոսեց այն բնակարաններից, որոնց մասին խոսում է արդեն 3 ամիս:
Բնակիչները համոզված են, որ Լ. Սամվելյանն այդ կերպ թյուրիմացության մեջ է գցում մեղադրող կողմին ու դատախազին:
Տուժող բնակիչներին անգամ սկսեց նյարդայնացնել դատավորի անգործությունը:
Նշենք, որ բնակիչները դժգոհ են նաև այն հանգամանքից, որ նիստերն սկսել են նշանակվել երկու շաբաթը մեկ, որով, ինչպես նրանք գնահատեցին, ջուր են լցնում ամբաստանյալների ջրաղացին:
Նիստի ընթացքում կոոպերատիվի նախագահի տեղակալ Լուսաբեկ Սամվելյանը դիմեց բնակիչներին` ասելով, թե նրանց բնակարանները վերցրած վաշխառուներին գումար տան, որպեսզի բնակարանները վերադարձնելու հնարավորություն ունենան: Սրան ի պատասխան բնակիչները զարմանք հայտնեցին, թե ինչու պետք է գումար տան վաշխառուներին, եթե իրենցից պահանջվող գումարը նրանք վաղուց են տվել:
Նշենք, որ այս միջադեպին ոչ նախագահող դատավոր Մելքոնյանը, ոչ էլ մեղադրող կողմը չարձագանքեցին:
Բնակիչների պատմելով` նախագահողն արհեստական ձգձգում է դատավարությունը` ամեն անգամ հորինելով տարբեր պատճառներ: Այս անգամ նիստը հետաձգվեց մինչև մայիսի 30-ը` դատապաշտպան ներգրավվելու հերթական պահանջով:
Նշենք, որ այս գործում արդեն մի քանի պաշտպաններ են ներգրավվել, որոնցից մշտապես հրաժարվել են:
Մի շարք բնակիչների խոսքով, այս շոուին ակամա մասնակից է դառնում նաև դատավոր Մարինե Մելքոնյանը` երբեմն անիմաստ ելույթներ ցույց տալով:
«Ով ինչ ուզում, խոսում է»,- նյարդայնացած ասում են տուժողները:
Վերջիններս հիացմունքով էին հիշում գործով առաջին դատավոր Ռշտունուն, ով նիստերը նշանակում էր շաբաթը երկու անգամ:
«Նրա վարած նիստերին անգամ ճանճը չէր տզզում: Իսկ հիմա անգամ անգամ վկաներն են տեղից հայտարարություններ անում, ովքեր անգամ նիստերին մասնակցելու իրավունք չունեն: Ամբաստանյալների պատվերն են կատարում նիստերի ժամանակ: Հեչ ոնց որ դատավարություն չլինի: Հոգնել ենք արդեն: Ու էս դատավորից էլ հույս չունենք»,- իրենց խոսքում նշեցին տուժող բնակիչները` համոզմունք հայտնելով, որ դատավոր Մելքոնյանն անում է հնարավորը` կոոպերատիվի սնանկացման գործն ավելի արագացնելու համար:
Տուժող բնակիչները վրդովմունք հայտնեցին, որ այս դեպքում կտուժեն բոլորը:
«4 տարի է` տառապում ենք, չգիտենք` ի՞նչ անենք: Բնակիչները դժգոհում են, բողոքում են, հասկանու՞մ եք: Շատ հնարավոր է` համբերության բաժակը լցվի, ու ինչ որ պայթյուն առաջանա, սկսենք ամեն ինչ ջարդելով ման գալ: Սենց բանա՞ լինում: Դեկտեմբերի սկզբից մինչև հիմա, ինչ էս նոր դատավորն էկելա, չի կարողանում նիստերը վարել: Ռշտունու ժամանակ մեկը տեղից խոսում էր, ասում էր` դուրս արի: Հիմա դառելա քրչի բազար: Ոչ նիստ են անում, ոչ կարգին գործն առաջա տանում»,- անհանգստացած խոսում էին բնակիչները` ևս մեկ անգամ համոզմունք հայտնելով, որ պատկերն այնպիսին է, որ սնանկացման գործընթացի ուղղությամբ են գնում բոլոր գործողությունները:
Տաթև Հարությունյան