Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Տաթեւ Աբրահամյանը այսօր ԱՄՆ-ի առաջնություններում լրացուցիչ հանդիպումներում կվիճարկեն երկրի չեմպիոնների տիտղոսները:
Հակոբյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ գրոսմայստերներ Գատա Կամսկու եւ Ալեքսանդր Լենդերմանի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը:
Այսօր նախ «մահվան պարտիա» կանցկացնեն Հակոբյանը եւ Լենդերմանը: Ապա նրանց հաղթողը ոսկե մեդալը կխաղարկի Կամսկու հետ:
Նույն իրավիճակն է կանանց առաջնությունում: Աբրահամյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ գրոսմայստերներ Իրինա Կրաշի եւ Աննա Զատոնսկիխի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը:
Այսօր սկզբում «մահվան պարտիայում» կհանդիպեն Աբրահամյանը եւ Զատոնսկիխը: Նրանց հաղթողին եզրափակիչում կսպասի Կրաշը: