ԿԱԼԻՖՈՌՆԻԱՆ ՃԱՆԱՃԵՑ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
«Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանն այսօր ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ կատարեց՝ որդեգրելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձեւը»,-հայտնում է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն: «Հայ Յեղափոխական Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն ողջունում է այս խիզախ քայլը, որը վկայությունն է ամերիկահայության տքնաջան աշխատանքի, ինչպես նաեւ Կալիֆոռնիա նահանգի հանրային պաշտոնատարների ցուցաբերած հարգանքի՝ բոլոր ժողովուրդների, այս պարագայում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ»,-հայտնում է azbarez.com կայքը:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ, ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին՝ մասնավորապես իր մտահոգությունն արտահայտել Ուկրաինայում բռնությունների վերաբերյալ։ «Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման եւս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով: …Իրադրության զարգացման վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսումը, երկխոսությանը ուժային միջոցների հակադրումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում են աղետալի հետեւանքների»,- ասել է Հայաստանի նախագահը՝ շեշտելով, որ պետք է անհրաժեշտ ուշադրություն հատկացնել արագ արձագանքման հավաքական ուժերի զարգացմանը, մշտապես ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից մարտահրավերները։
ՀԱՄԱԺՈՂՈՎ
Վաղը՝ մայիսի 10-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա Հայ Ազգային Կոնգրես կուսակցության երիտասարդական թեւի համաժողովը: Չի բացառվում, որ միջոցառմանը մասնակցի ու ելույթ ունենա նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մինչ այդ, երեկ ՀԱԿ-ն անցկացրել է կուսակցության վարչության նիստ, որի ժամանակ քննարկել են երիտասարդական միության համագումարի կազմակերպական ընթացքի, ինչպես նաեւ միության կանոնադրության հետ կապված հարցեր: Վարչությունը քննարկել է նաեւ ներքաղաքական իրավիճակը: