Ադրբեջանի հնարավորությունները մի քիչ ավելի շատ են. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել, իսկ փոխգնդապետն էլ մահացու հրազենային վնասվածք է ստացել: Հակառակորդի ակտիվության մասին լրագրողներն այսօր զրուցեցին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Այն դիտարկմանը, թե միգուցե նման հաճախակի միջադեպերը հետևանք են նրան, որ Ադրբեջանն իր սպառազինությամբ առավելություն ունի ՀՀ-ի նկատմամբ՝ Սեյրան Օհանյանը  պատասխանեց, թե Ադրբեջանի հնարավորությունները մի քիչ ավելի շատ են, բայց դա չի նշանակում, որ առավելություն ունի հայկական զինուժի նկատմամբ։

«Անկասկած հասկանալի է, որ Ադրբեջանի հնարավորությունները մի քիչ ավելի շատ են, այն մեր կողմից վերահսկվում է։ Սպառազինությունը հակառակորդի կողմից պարբերաբար գնվում, թարմացվում է, բայց մենք պետք է հասկանանք, որ բանակները չեն գնահատվում միայն սպառազինության քանակով։ Այդ սպառազինությունը պետք է նախևառաջ  պահել, շահագործել, և նաև պետք են մարդիկ, որ կարող են պատշաճ կերպով այն սարքին պահել և նաև շահագործել»,-նշեց նա։

Իսկ այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ռուսաստանի հերթական զենքի, մասնավորապես տանկերի վաճառքը Ադրբեջանին Զինված ուժերին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Յուրքանչյուր պետություն ռազմատեխնիական համագործակցությունն իրականացնում է իր պլանների , իր քաղաքականության շնորհիվ։ Մենք այսօր իհարկե հասկանում ենք , որ ՌԴ-ն լինելով մեզ համար որպես ռազմավարական գործընկեր՝ անկասկած առաջին հերթին ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիական խնդիրներին։ Բայց միևնույն ժամանակ նա իրավունք ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու: Որպես ռազմական գերատեսչության ղեկավար ես դա լավ աչքերով նայել չեմ կարող, բայց համենայնդեպս տվյալ դեպքում իրավունք էլ չունեմ արգելել»,-եզրափակեց նա։




Լրահոս