ՎԱԽԵՑՐԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պատասխան «Ժողովուրդ» թերթի՝ 2011թ. հունվարի 17-ի  «Հարկադիր կատարողները ճնշում են» հոդվածի`  պարտքս եմ համարում պարզաբանում մտցնել հոդվածում ներկայացվածի եւ առկա իրականության միջեւ: Հոդվածագրի ու նրա ընտանիքի անդամների կողմից բազմիցս կրել եմ ե՛ւ բարոյական, ե՛ւ հոգեբանական, ե՛ւ նյութական վնասներ, ընդհուպ ենթարկվել եմ ֆիզիկական բռնության:
Վերջինիս արդյունքում ստիպված եմ եղել առանց երեխաներիս հեռանալ տնից: Եւ այսօր, ըստ թերթի հոդվածի, «սրտացավ ու հոգատար» տատն ու պապը ներկայանում են զոհի կարգավիճակում` հանիրավի պարսաքարեր նետելով իրենց գործում հմուտ ու պատասխանատու օրինապահ մարմինների եւ նրանց ներկայացուցիչների վրա, որոնք պարտաճանաչորեն փորձում են ի կատար ածել շուրջ 3 տարի դատական բոլոր ատյանների եւ գրեթե 1 տարի էլ ԴԱՀԿ տարբեր ատյանների բովով անցած, 2011թ. փետրվարի 2-ից օրինական ուժ ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, այն է` մանկահասակ երեխաներիս` Մանե եւ Միհրան Աբրահամյաններին, ինձ վերադարձնելը:
Պարզապես Լաուրա եւ Վլադիմիր Աբրահամյաններ տատն ու պապը, չուզենալով իրականությանն ուղիղ աչքերով նայել, իրենց սեփական շահերից այն կողմ ուրիշ ոչինչ չտեսնելով, իրենց հատուկ բնածին աճպարարությամբ խեղաթյուրելով իրականությունը, փորձում են միշտ ջրից չոր դուրս գալ: Չարությունից կուրացած` չեն էլ ուզում տեսնել եւ վերջապես հասկանալ, որ իմ երեխաներն իրենց  թոռնիկներն են:
Իսկ նրանք, գործիք ծառայեցնելով մանկահասակ երեխաներիս, վախեցնելով նրանց, տրամադրելով իմ դեմ, ապօրինաբար իրենց մոտ պահելով` նրանց հաշվին տարիներ շարունակ գումարներ են կորզում տարբեր պետական ատյաններից` իրենց բնորոշ կեղծ տեղեկանքներ ու փաստաթղթեր շրջանառելով:
Իսկ ինչո՞վ են մեղավոր բարեխղճորեն, օրինական եւ մարդկայնորեն իրենց վերապահված լիազորություններն իրականացնող ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ պարոն Սամվել Եգանյանը, երեխաների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի տնօրեն տիկին Կարինե Անտոնյանը, արդարադատության համակարգի երկարամյա աշխատակից եւ ներկայումս սույն գործով նաեւ իմ լիազոր ներկայացուցիչ պարոն Արամ Անանյանը, ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության ալիմենտի եւ բռնագանձման բաժնի ավագ հարկադիր կատարող տիկին Հասմիկ Մովսեսյանը:
Երեխաներիս՝  2006թ. ՀՀ տարածքը դասալքությամբ թողած հայրն այժմ նորից հետախուզման մեջ է, որովհետեւ սույն գործով համարվում է պարտապան, եւ նա ինքն է պարտավոր երեխաներիս ինձ վերադարձնել:
Էլ չեմ ասում, որ նախքան փախուստի դիմելը, ծառայության դժվարությանը չդիմացած սպան դեռատի կնոջը` ինձ, հակառակ իմ կամքին, ծառայության տեղավորեց նույն ՀՀ ՊՆ համակարգում, որտեղ եւ ծառայում եմ մինչ օրս: «Օրինապահ» տատն ու պապը բարձրագոչում են երեխաների իրավունքների մասին, բայց երեխաներիս իրավունքները ոտնահարում ու արհամարհում են առաջին հերթին հենց իրենք` անամոթաբար հնչեցնելով պաշտոնատար այրերի անուններ, որոնք իբր անտարբեր են 2 մանկահասակ երեխաների ապագա ճակատագրերի հանդեպ, այնինչ անխտիր խոչընդոտում են հօգուտ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած միջամտություն:
Ի դեպ, ինչո՞ւ են երեխաներս վախենում ինձնից, երբ ամիսը մեկ հազիվ նրանց հետ հանդիպում կորզելով, նվերներով ու քաղցրավենիքով նրանց այցելելով` միայն փորձել եմ այդ հաշված րոպեների ընթացքում նրանց հնարավորինս շատ մայրական սեր ու ջերմություն փոխանցել, երբ նրանց բիոլոգիական հայրն օտար ափերում «իր հավեսով» երջանկություն է որոնում` մազաչափ անգամ չմտածելով իր երեխաների մասին` քմահաճորեն 2-րդ կարգի հաշմանդամ մոր ու հոր անօրինական «խնամքին» թողնելով նրանց:
Լուտանքների հեղեղ թափելով դիմացինների վրա` այդ «սիրագորով» տատն ու պապը դեռ որքա՞ն են խարխափելու` անմեղ մեղավորներ փնտրելով:

ՆԱԻՐԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ
30 տարեկան, Տավուշի մարզ




Լրահոս