Որդեգրված երեխաների հետագա ճակատագրով ոչ մի կառույց պատասխանատու չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնականում պայմանավորված անպտղությամբ` շատ ընտանիքներ  ստիպված են լինում  մանկատներից երեխա որդեգրել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  երեխաների հիմնահարցերի  բաժնի պետ Լենա Հայրապետյանը armlur.am-ի հետ զրույցում  ասաց, որ  որդեգրման գործընթացի ակտիվացում  վերջին տարիներին չի նկատվում:

Եթե տարիներ առաջ շատ ընտանիքներ էին հրաժարվում իրենց երեխաներից, այսօր նախարարության աշխատակցի խոսքով  քչերն են նման քայլի դիմում, բայց նկատելի է մեկ այլ տենդենց` ավելի շատ մանկատներ են հանձնվում  առողջական խնդիրներ ունեցող, մասնավորապես, մտավոր խնդիրներ ունեցող  երեխաներ:

Հայաստանից երեխաներ որդեգրում են  թե´ հայաստանաբնակ ընտանիքները, թե´  արտասահմանում բնակվող սփյուռքահայերը  կամ հայկական արմատներ ունեցող մեր հայրենակիցները: Վարչության պետի խոսքով` որդեգրող ընտանիքները հիմնականում  վերցնում են մեկ երեխա, հազվադեպ երկու երեխա: Որպես կանոն ձգտում են առողջ երեխա որդեգրել: Սակայն, եթե արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները  կարող են որդեգրել առողջական խնդիրներ ունեցող երեխայի, ապա  հայաստանաբնակ ընտանիքները ձգտում են  միայն առողջ երեխա որդեգրել: Վարչության պետի խոսքով` որդեգրող ընտանիքները հիմնականում ցանկանում են  որդեգրել փոքր տարիքի երեխա, բայց քանի որ փոքր տարիքի երեխաներ  քիչ են լինում, պատահում է` որդեգրում են 10 տարեկանից բարձր երեխաներ: Եթե երեխան 10-ը տարեկանից բարձր է լինում, որդեգրողները հարցնում են նաև երեխայի կարծիքը:

«2000-ից  սկսած կատարվում է որդեգրվող երեխաների կենտրոնացված  հաշվառվում: Համաձայն տվյալների` արտասահմանում բնակվող որդեգրող ընտանիքները հիմնականում ցանկանում են իգական սեռի երեխա որդեգրել, իսկ հայաստանաբնակ ընտանիքները` տղա երեխա»,- մանրամասնեց   նախարարության աշխատակիցը:

Ինչպես անել, որ  հիվանդ երեխաներին ծնողները չհանձնեն մանկատուն,  քանզի  առաջին հերթին հիվանդ  երեխան կարիք ունի ընտանեկան ջերմության ու հոգատարության:  Խնդիրը, թեև սոցապ նախարարության իրավասության ներքո չէ, բայց  Լենա Հայրապետյանի կարծիքով առաջին հերթին պետք է սոցիալ-տնտեսական վիճակի կայունացում,  տվյալ բնակավայրում բժշկի առկայություն. «Սպիտակից մի կին իր երեխային  հանձնեց մանկատուն: Մինչ այդ  կնոջը հարցրինք` այն գումարը, որը տրվում է մանկատանը ձեր երեխային պահելու համար,  եթե տրվի ձեր ընտանիքին, դուք կխնամեք ձեր երեխային: Ասաց` ոչ, քանի որ երեխան նոպաներ է ունենում, տանը մասնագետ չկա, ապրում ենք գյուղում: Մոտիկ բժիշկ չկա, այսինքն` համապատասխան ծառայություններ  են անհրաժեշտ»:

Լենա Հայրապետյանի խոսքով` իրենք աշխատում են ընտանիքների հետ, փորձում այնպես անել, որ երեխան ընտանիքում մնա, բայց դա  քիչ է:

Լենա Հայրապետյանը հավաստիացնում է` հիմնականում որդեգրված երեխաները հարմարվում են նոր ծնողների ու ընտանիքի հետ: «Հետ վերադարձած երեխաների  մեկ-երկու դեպք եք ունեցել»,- տեղեկացնում է  տիկին Հայրապետյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց  և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տվյալներով` 2013-ին 31 երեխա որդեգրվել է ՀՀ քաղաքացիների կողմից: Այս 31ից 3-ն է միայն  որդեգրվել մանկատներից, մնացածները` ընտանիքներից: Իսկ օտարերկրացիների կողմից մանկատներից որդեգրվել է 44 երեխա, որոնք  ունեցել են առողջական խնդիրներ:

Հայ օգնության ֆոնդի գործադիր տնօրեն Անտոնյան Միրան  armlur.am-ի  հետ զրույցում ասաց, որ  որդեգրման գործընթացի ժամանակ ի հայտ են գալիս օբյկետիվ ու սուբյեկտիվ խնդիրներ: Օբյեկտիվ խնդիրն այն է, որ երեխան գտնվում է մանկատանը, բայց երեխաների ծնողների իրավունքները  չեն դադարեցվում: «Այսինքն` ստացվում է, որ որդեգրման ենթակա են շատ փոքր թվով երեխաներ:  Ծնողներն էլ իրենց  պարտականությունները հանձնում են պետությանը` պահելով իրենց իրավունքները:  Կարծում եմ` եթե երեխան մանկատանն է, պետք է  միանշանակ ենթակա լինի որդեգրության, քանի որ որդեգրողները շատ են»,- ասաց  ՀՕՖ-ի տնօրենը:

Ինչ վերաբերում է  որդեգրման գործընթացի կոռուպցիոն ռիսկերին, ՀՕՖ-ի տնօրենն ասաց, որ ինքը միայն լսել է նման խոսակցություններ, բայց անձնապես նման խնդրի չի բախվել:

Որդեգրման գործընթացին առնչվող  մյուս խնդիրը որդեգրված երեխաների հետագա ճակատագիրն է` ոչ ոք  չի վերահսկում գործընթացը:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ որդեգրման ցանկություն ունեցողների նյութական հնարավորությունններն են հաշվի առնվում (բնակարան, եկամուտներ ունի, թե չունի), բայց հաշվի չի առնվում որդեգրող  ծնողի երեխա մեծացնելու ունակությունը: Պատահական չէ, որ ՀՕՖ-ը վերջին 3 տարիներին  26 որդեգրման ձախողված փորձ է արձանագրել:

Միրա Անտոնյանը կարծում է` և´ որդեգրման, և´ խնամատար ընտանիքների  կազմակերպման գործընթացի գնահատումն պիտի արվի մասնագիտական,  ոչ թե վարչարարական տեսանկյունից:

Հիշեցնենք, որ որդեգրում թույլատրվում է միայն մինչև 18 տարեկան անձանց նկատմամբ և ելնելով նրանց շահերից՝ հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները։ Որդեգրումը հաստատվում է դատարանի կողմից և դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որդեգրումը ենթակա է պարտադիր պետական գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում: 

Սոնա Դավթյան




Լրահոս