ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՄԱԹԱԼԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն է դիմել 80-ամյա թոշակառու Սերյոժա Սարդարյանը, ով դժգոհում է Արաբկիր վարչական շրջանում գործող «Տանիք» համատիրության գործունեությունից:

«Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի «Տանիք» համատիրությունը գործում է 1998թ. մինչ օրս: Տարիներ շարունակ՝ համատիրության չարաբաստիկ նախագահ Սուրիկ Սինանյանի գլխավորությամբ, մեր շենքի վրա ոչ մի վերանորոգման աշխատանք չի կատարվել, բացի բնակիչներիցս միլիոններ հավաքելուց ու գրպանելուց:
Մենք՝ շենքի բնակիչներս, մինչեւ 2004-2005թթ. բարեխղճորեն մուծում էինք տան վարձերը: Սակայն տեսնելով, որ շենքում ոչ մի աշխատանք չի կատարվում դադարեցրեցինք բնակվարձերը մուծել: «Տանիք»-ը, ըստ համատիրության օրենքի՝ պարտավոր է հավաքած գումարի 54%-ը ներդնել շենքի վերանորոգման աշխատանքները կատարելու վրա, բայց ոչ մի աշխատանք չի կատարում:
Ես վերջին հարկի բնակիչ եմ, անձրեւների ժամանակ անձրեւաջրերը լցվում են իմ բնակարան, որի արդյունքում առաստաղի ծեփերը լրիվ թափվել են: Աստիճանավանդակների հարթակների բետոնը լրիվ քանդվել էր, ես եմ իմ անձնական միջոցներով վերանորոգել եւ սալիկապատել: Կատարածս ծախսերը գրավոր ներկայացրել եմ «Տանիք»-ին, որպեսզի ըստ օրենքի՝ իմ բնակվարձերից դուրս հանեն, սակայն ոչինչ չարեցին:
Այսքանից հետո Սինանյանը մեզ՝ բնակիչներիս, տվեց դատարան, չվճարված բնակվարձերը բռնագանձելու համար:
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տխրահռչակ դատարանը դատավոր Ս. Արամյանի գլխավորությամբ միակողմանի, առանց լսելու «մեղավոր» պատասխանող կողմին, վճիռ կայացրեց բռնագանձել չվճարված բնակվարձերը: Համաձայն դատարանի վճռի՝ որպես վարձավճար պետք է բռնագանձեն 82048 դրամ` հօգուտ համատիրության նախագահ Սինանյանի գրպանի:
Ես 80 տարեկան հիվանդ, թշվառ թոշակառու եմ: Միակ տղաս զոհվել է: Ես ստանում եմ 35.000 դրամ թոշակ, որով չեմ կարողանում նույնիսկ գազի վարձը վճարել: Ինչպես կարող եմ 82048 դրամ «նվիրատվություն» անել համատիրությանը, որ տանեն գրպանեն: Այժմ իմ բնակարանի գույքի անձնագրի վրա կալանք է դրված: Ես գնացի դատարան եւ փորձեցի հանդիպել պարոն դատավոր Ս. Արամյանի հետ՝ իմանալու, թե ի՞նչ պատճառով է նման միակողմանի վճիռ կայացրել: Սակայն ինձ թույլ չտվեցին հանդիպել դատավորին: Ասացին, որ նա քաղաքացիներին չի ընդունում:
Այսքանից հետո ես դիմեցի վերաքննիչ դատարան, Արդարադատության նախարարություն, քաղաքապետարան, գլխավոր դատախազություն, բայց ոչ մի օգուտ, իմ դիմումները թուրքի գնդակի նման հրում են ուրիշ թուրքի կիսադաշտ: Չեմ կարողանում որեւէ արդյունքի հասնել: Խնդրում եմ արձագանքել իմ խնդրին»:

ՀՀ քաղաքացի, 80 տարեկան
թոշակառու ՍԵՐՅՈԺԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ




Լրահոս