ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փեսեն առանձին մարդ ա»:

Մելիք Մանուկյան Armlur.am

Նախ՝ վաղուց հաստատված փաստ է, որ ՀՀ-ում «փեսան» նախեւառաջ քաղաքական կատեգորիա է, այն էլ «էլիտար» կարգի: Փեսային բերում են քաղաքական դաշտ կամ խոշոր բիզնես, կամ էլ ընդհակառակը՝ փեսայի միջոցով քաղաքական դաշտ կամ խոշոր բիզնես են գալիս աներձագները: ԲՀԿ-ական մականունավոր գործարար-պատգամավորն էլ դա շատ լավ գիտի, եւ շատ լավ հասկանում է, որ այս դեպքում կրակողը ոչ թե պարզապես ինչ-որ փեսա է, այլ իր գործընկերոջ՝ ԲՀԿ-ական մեկ այլ մականունավոր գործարար-պատգամավորի փեսան է, ինչը Հայաստանում արդեն համապատասխան պահելաձեւ ու վարքագիծ է ենթադրում:

 

«Դա նշանակում է, որ պակաս դաստիարակություն է ստացել»:

Մանվել Բադեյան Henaran.am

Իր անհեթեթ մտքերով հայտնի ՀՀԿ-ական պատգամավորը նկատի ունի «Վերնիսաժ»-ում կրակոցներ արձակած եւ 5 մարդու վիրավորած ԲՀԿ-ական «Յուվեցի Կարոյի» փեսային: Անշուշտ, դաստիարակության խնդիր այստեղ կա, սակայն ոչ թե պակասի, այլ, ընդհանրապես, դաստիարակության բացակայության: Բայց Բադեյանը մոռացավ նշել ամենակարեւորը՝ հավանաբար չուզենալով նեղացնել իր այլընտրանքային գործընկերոջը, եւ ինչու չէ, իրենց դասին ընդհանրապես, քանի որ «դաստիարակության» խնդիրն ակտուալ է մինչեւ անձամբ իրենց առնչվելը: Իսկ երբ հարցը իրենց է վերաբերվում՝ կամ կրակոցներ են հնչում, կամ էլ «եզդու չափ խելք» չեն ունենում:

 
«Քառյակի կազմում ընդգրկվելու խնդիր չկա: Եթե կլինեն նախաձեռնություններ, որոնք կլինեն ի նպաստ մեր ժողովրդի, մենք կհամագործակցենք քառյակի հետ»:

Մհեր Շահգելդյան Armlur.am

ՕԵԿ-ական պատգամավորի ներկայացմամբ՝ իրենց կուսակցությունն ինքն է որոշում՝ ընդգրկվի քառյակի կազմում, թե ոչ: Սա ոչ թե այն դեպքն է, երբ ՕԵԿ-ականներն իրենք իրենց հույս են տալիս, այլ, պարզապես, հասարակության մոտ տպավորություն ստեղծելու անհույս եւ անիմաստ ջանքեր են գործադրում: Իսկ իրականությունն այն է, որ նույնիսկ իր վարկանիշով առանձնապես չփայլող «քառյակը» չի ցանկանա ՕԵԿ-ին տեսնել իր կազմում, էլ չենք խոսում մյուսների մասին: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնենք նաեւ այն պարադոքսալ երեւույթը, որ ՀՀ-ում ամեն ինչ շատ շուտ է մոռացվում: Հուսանք, որ գոնե ՕԵԿ-ի հարցում ժողովրդի հիշողությունը թարմ կմնա:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս