ԴԵՍՊԱՆԸ ԽԱՌՆՎԵԼ Է ՎԵՐՆԻՍԱԺԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԻ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին Վերնիսաժի տարածքում տեղի ունեցած կրակոցները գալիս են ապացուցելու, որ Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը, մեղմ ասած, վաղուց կորցրել է իր ապահովությունը: Փաստն առավել քան ակնհայտ է` այդ կրակոցներից կարող էր վիրավորվել, զոհվել ՀՀ ցանկացած քաղաքացի, ով այդ պահին կգտնվեր այդտեղ: Այսինքն՝ ապահով Հայաստանում, ՀՀ քաղաքացիները ապահովվագրված չեն անգամ անպատժելիության «կտրոն ունեցող» «էլիտար» փեսաներից:

Ինչի՞ց սկսվեց

Մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Վերնիսաժ» տոնավաճառի տարածքում, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ 29-ամյա Գոռ Առաքելյանը, ով ապրում է «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքում, իր կնոջ (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի դստեր) եւ երեխայի հետ ցանկանալով դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից, հանդիպել է խոչընդոտների: Նրա Toyota Landcruiser մեքենայի դիմացը կտրել են Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը` BMW X 6 մակնիշի մեքենայով: Վերջիններս մոտ կես ժամ փակել են նրա ճանապարհը՝ առաջացնելով խցանում: Վարորդ Գ. Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել է բղավել, թե ճանապարհ տվեք: Երիտասարդները հապաղել են, ինչն էլ առաջացրել է վիճաբանություն:
Տարածքում գտնվողները փորձել են նրանց կարգի հրավիրել՝ ասելով, թե չեք տեսնում, որ կնոջ եւ երեխայի հետ է, բայց Վալերին եւ Նորայրը նշել են, թե տեսնում ենք, դրա համար էլ մեքենայից հանում ենք, որ դրսում սատկացնենք: Այս խոսքերի վրա Կարո Կարապետյանի փեսան հանել է իր մոտ եղած հրազենը եւ 7-8 անգամ կրակել դիմացինների ոտքերի ուղղությամբ: Անկանոն կրակոցների պատճառով «Վերնիսաժ» տոնավաճառի տարածքում իրեր վաճառողներն ու անցորդները` 72 տարեկան Մնացական Սուքիասյանը, 27- ամյա Մյասնիկ Հայրապետյանը եւ 74 տարեկան Ալվինա Բադալյանը հրազենային վնասվածքներ են ստացել: «Ժողովուրդ»-ը հիվանդանոցից տեղեկացավ, որ թե՛ նրանց, թե՛ Նորայր Հարությունյանի ու Վալերի Հովհաննիսյանի վիճակը կայուն ծանր է:
Ի դեպ, նշենք, որ կրակոցի հեղինակ Գոռ Առաքելյանի եղբայրը՝ Գառնիկ Առաքելյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, այժմ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ադրանիկ Մանուկյանի երգչուհի դստեր՝ Լուսինայի ամուսինն է, ով աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում։
Հիշեցնենք, որ Լուսինայի եւ Գառնիկի հարսանիքի քավորը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ու կինն են` Լեւոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն:

Ձերբակալությունը չուշացավ

Կրակոցների հաջորդ օրը Գոռ Առաքելյանը ձերբակալվեց: Իսկ հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակն առգրավվեց: Անօրինական է եղել Գոռի զենքը, թե ոչ՝ կպարզվի փորձագիտական քննության արդյունքների ավարտից հետո:
Թե ով է Կարապետյանի փեսային «դուխ տվել», որ օրը ցերեկով կրակոցներ արձակի, թերեւս դժվար չէ կռահել` հաշվի առնելով Կարապետյանի ընտանիքի հետ պարբերաբար տեղի ունեցող աղմկալի պատմություններն ու դրանք «ծածկադմփոց» անելու հարուստ փորձը: Բայց մյուս կողմից էլ, առաջին հայացքից, հետեւելով պաշտոնական տեղեկությանը, նկատելի է, որ պատգամավորի փեսային ակնհայտորեն սադրել են. նախ՝ փակել են ճանապարհը, հետո «սատկացնելու» սպառնալիք տվել: Իսկ գուցե պատմությունն ավելի՞ խորը արմատներ ունի, որ պատգամավորի փեսան անմիջապես գործի է դրել զենքը:

Ո՞վ է Կարո Կարապետյանը

Կիեւի միլիցիայի ակադեմիայի շրջանավարտ, իրավագետ Կարապետյանը նախկին ոստիկան է: 1986-1990թթ. աշխատել է Մասիսի ՆԳ բաժնում` որպես քրեական հետախուզության օպերլիազոր, 1991-1994թթ.` Արտաշատի ՆԳ բաժնի պետական ունեցվածքի բաժանմունքում` ավագ օպերլիազոր, 1995-1996թթ.` Էջմիածնի ռեգիոնալ վարչության քրեական հետախուզության բաժնում` պետի տեղակալ, 1997-2003թթ.` ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի օգնական, այնուհետեւ ավագ օգնական, 2003-2007թթ.` Աշտարակի ոստիկանապետ:

Աղմկալի պատմություններ` պատգամավորի շուրջ

Ինչպես ասում են` պտուղը ծառից հեռու չի ընկնում. չնայած փեսան դժվար թե համարվի աներոջ պտուղը, սակայն այս պատմության դեպքում կարելի է համարել, որ փեսան ոչնչով չզիջեց աներոջը: Եվ այսպես, դեռեւս 2009- ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով) հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին: Հարվածից հետո, Կարապետյանն իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Զադոյանը, բարեբախտաբար, ողջ էր մնացել. 3 վիրահատության էր ենթարկվել: Իսկ ահա 2013թ. պատգամավորի որդին էր իր «ամենակարող» մեքենայով (Բենթլի Կոնտինենտալ մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի) իրարանցում ստեղծել մայրաքաղաքում` կոպտորեն խախտելով երթեւեկության կանոնները:
Ինչպես նկատում ենք, պատգամավորը երկու դեպքում էլ ջրից չոր դուրս եկավ: Իսկ թե ինչ կլինի այս դեպքում, կապրենք, կտեսնենք:

Դեսպանը շտապում է Հայաստան

«Ժողովուրդ»-ը երեկ ողջ օրվա ընթացքում փորձեց ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանից պարզաբանումներ ստանալ, սակայն նա խորը ընդհատակ էր անցել: ԲՀԿ-ական գործընկերներն էլ դեռ չէին շտապում մեղադրել նրան՝ նշելով, որ եթե պատգամավորի մերձավորներից մեկը միջադեպին մասնակից է եղել, ապա ԲՀԿ-ի տեսակետն այն է, որ յուրաքանչյուր ոք պիտի պատժվի օրենքի ողջ խստությամբ:
Տեղեկացնենք, որ կրակոցներից հետո իշխանական վերնախավում ամեն ինչ խառնվել է իրար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նույնիսկ բանը հասել է նրան, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն է երեկ ժամանել Հայաստան: Արդյո՞ք միջադեպն է պատճառ եղել, որ Անդրանիկ Մանուկյանը շտապել է Հայաստան, թե՞ մեկ այլ հրատապ խնդիր՝ դեռ հայտնի չէ: Բանն այն է, որ տարածված տեղեկությունների համաձայն, կրակոցներին մասնակից է եղել նաեւ դեսպանի փեսան, սակայն Անդրանիկ Մանուկյանն ասել էր, թե իր փեսան դեպքի ժամանակ իր տանն է եղել` իր թոռնիկի եւ դստեր հետ:

Փնտրում են

Ինչեւէ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: Այսինքն` գործում էլի մարդիկ կան ներգրավված, որոնք փնտրվում են:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս