ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գ. Սահակյանին, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավարին, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գ. Ծառուկյանին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանին, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հ. Բիշարյանին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռ. Հակոբյանին, նախկին լրագրող, ԱԺ պատգամավորներ Մ. Եսայանին, Ն. Զոհրաբյանին, Ն. Փաշինյանին, Ա. Վարդանյանին եւ Հ. Բաբուխանյանին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Է. Վարդանյանին, ԱԺ պատգամավորներ՝ նախկին վարչապետ Հ. Բագրատյանին, նախկին վարչապետ եւ ԱԺ նախկին նախագահ Խ. Հարությունյանին, ԱԺ նախկին նախագահ Ս. Նիկոյանին, նախկին արտգործնախարար Ալ. Արզումանյանին, նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանին, նախկին զինվորական դատախազ Գ. Ջհանգիրյանին, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Ա. Գեղամյանին, ՀԺԿ ղեկավար Ս. Դեմիրճյանին, ՄԱԿ ղեկավար Գ. Արսենյանին, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խ. Քոքոբելյանին, ՎՍԴՀԿ ղեկավար Լ. Սարգսյանին:

2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում տեղի է ունեցել հանցագործություն, որն աննախադեպ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Պետական մակարդակով կազմակերպված այդ աննախադեպ հանցագործության մասին մամուլում եղել են բազմաթիվ փաստարկված հրապարակումներ դեռեւս 2012թ. ԱԺ ընտրություններից հետո՝ մասնավորապես «Ինքնախոստովանական ցուցմունք. Թիվ 30 ընտրատարածքի առեղծվածը» («Առավոտ», 8.06.2012թ.), «ԱԺ ընտրությունների հետագծով. Միջազգային սկանդա՞լ, թե՞ հայկական ավանդական «հնարամտություն» («Իրատես դե ֆակտո», 12.06-14.06 2012թ.), «Ազգային Ժողովի փոխարեն՝ մեկուսարան» («Չորրորդ Ինքնիշխանություն», 21 հունիսի, 2012թ.), «Կեղծ պատգամավորին սպառնում է չորս տարի ազատազրկում: ՀՀ գլխավոր դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ, իսկ ՀՀ Ոստիկանությունն ու ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է անցկացնեն ծառայողական քննություն («Չորրորդ Ինքնիշխանություն», 4 հուլիսի 2012թ.), «Կեղծ պատգամավորը կամ Աղվան Հովսեփյանի դրածոն» («Չորրորդ Ինքնիշխանություն», 13 հուլիսի, 2012թ.), «Անդադար Մարուքյան» («Ժողովուրդ», 23 հոկտեմբերի, 2012թ.) եւ այլն: Այդ հրապարակումներում ներկայացվել են անհերքելի փաստեր այն մասին, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունների հրահանգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար ԱԺ գործող պատգամավոր Է. Մարուքյանին տրվել է կեղծ տեղեկանք, թե իբր նա վերջին 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Մինչդեռ 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը՝ 1 տարի 17 օր Մարուքյանը մշտապես գտնվելով ԱՄՆ-ում՝ Հուբերտ Համֆրիի անվան մեկ տարի տեւողություն ունեցող ծրագրի շրջանակներում ստացիոնար հիմունքներով սովորել է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում: Այս ամենը լուսաբանվել է մամուլի վերոհիշյալ հրապարակումներում, որտեղ մեր գործընկերներն այդ հրապարակումները դիտարկելով որպես հանցագործության մասին հաղորդումներ, դեռեւս 2012թ. իրավասու մարմիններից պահանջել են Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում կատարված հանցագործության փաստի առիթով հարուցել քրեական գործ, որովհետեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելու առիթ է, մասնավորապես, «հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները»: Սակայն ՀՀ Գլխավոր դատախազությունը, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը կոպտորեն խախտելով օրենքը մամուլի այդ հրապարակումներին մինչ օրս որեւէ արձագանք չեն տվել: Վանաձորյան հանցագործության վերաբերյալ վերջերս լրագրողական հետաքննություն է իրականացրել նաեւ «Ժողովուրդ» թերթը (տես «Ժողովուրդ» 13, 14, 15, 16-ը մայիսի 2014թ.): Ազգային Ժողովի Կանոնակարգ օրենքի հոդված 18-ի համաձայն՝ «Ազգային Ժողովի նախագահն ապահովում է Ազգային Ժողովի բնականոն գործունեությունը»: Ակնհայտ է, որ կեղծ տեղեկանքի հիման վրա պատգամավոր հռչակված Է. Մարուքյանի ներկայությունը խորհրդարանում ոչ միայն անօրինական է, այլեւ խաթարում է ԱԺ բնականոն գործունեությունը եւ վարկաբեկում Ազգային Ժողովը որպես պետական կարեւորագույն ինստիտուտ: Ստեղծված պայմաններում ԱԺ Կանոնակարգ օրենքի հոդված 18-ով ԱԺ նախագահին վերապահված ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելու իրավասության շրջանակներում ԱԺ նախագահին կոչ ենք անում իրականացնել «Ազգային Ժողովի Կանոնակարգ» օրենքի հոդված 18-ի այն դրույթը, որ «ԱԺ նախագահը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ սահմանելով դրանց անցկացման կարգը» եւ այդ լսումներն անցկացնել լրագրողական հետաքննության նյութերի հիման վրա: Դիմում ենք նաեւ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, բոլոր պատգամավորներին նախաձեռնել համապատասխան խորհրդարանական լսումներ կամ աջակցել դրանց անցկացմանը, որովհետեւ կշեռքի նժարին է դրված յուրաքանչյուր պատգամավորի եւ ամբողջ խորհրդարանի հեղինակության հարցը: Վստահ ենք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լրագրողական հետաքննության արդյունքների հիման վրա անցկացվելիք խորհրդարանական լսումները ոչ միայն լուրջ ազդակ կդառնան վանաձորյան հանցագործության բոլոր մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու համար, այլեւ լինելով նախադեպային կձեւավորեն նաեւ ժողովրդավարության նոր ավանդույթ Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ եւ հիմք կհանդիսանան զանգվածային լրատվության միջոցներ-ԱԺ գործուն փոխհարաբերությունների մշակույթ սկզբնավորելու համար: Լրագրողական հետաքննության արդյունքների խորհրդարանական քննարկումների անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ միայն հրապարակայնությունը, ԱԺ վճռականությունն ու հետեւողականությունը կպարտադրի ու կստիպի ՀՀ Գլխավոր դատախազությանը, ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանը եւ Ոստիկանությանը վերջապես դադարեցնել վանաձորյան հանցագործությունը կոծկելու եւ պարտակելու իրենց որդեգրած հանցավոր գործելաոճը: Քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ երեւույթ է, երբ Հայաստանից 1 տարի 17 օր մշտապես բացակայած անձին՝ ԱԺ գործող պատգամավոր Է. Մարուքյանին պատգամավորության թեկնածու գրանցվելու համար տրվի կեղծ տեղեկանք, թե իբր նա վերջին 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում, ապա վստահաբար աննախադեպ պետք է լինեն նաեւ կազմակերպված հանցագործության փաստի հրապարակային քննարկման եղանակները: Ուստի առաջարկում ենք կյանքի կոչել հենց լրագրողական հետաքննության արդյունքերի հրապարակային քննարկման խորհրդարանական լսումների տարբերակը, որտեղ տրամաբանորեն որպես հիմնական զեկուցող հանդես կգա այդ լրագրողական հետաքննությունն անցկացրած «Ժողովուրդ» թերթի ներկայացուցիչը: Խորհրդարանական քննարկումների պարագայում Ազգային Ժողովը հնարավորություն կունենա վերահսկելու իրավասու մարմինների գործունեության օրինականությունը եւ տալ համապատասխան գնահատականներ: Դիմում ենք նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Է. Վարդանյանին, որպեսզի «ԱԺ Կանոնակարգ օրենքի» հոդված 32-ի համաձայն նաեւ նա նախաձեռնի խորհրդարանական լսումներ՝ նկատի ունենալով , որ Է. Մարուքյանը նաեւ այդ հանձնաժողովի անդամ է եւ հանձնաժողովի գործունեության ոլորտները ներառում են, մասնավորապես, մարդու եւ քաղաքացու իրավունքների՝ բնականաբար նաեւ ընտրական իրավունքի հետ կապված հիմնահարցերը: Է.Վարդանյանին նաեւ հորդորում ենք ս.թ. մայիսի 20-ի ԱԺ նիստի հայտարարությունների ժամին ներկայացնել այս բաց նամակը եւ իր գլխավորած հանձնաժողովի կողմից խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին որոշումը: Լրագրողական հետաքննության արդյունքները խորհրդարանական ֆորմատով քննարկելու հարցում կոչ ենք անում մեր նախկին գործընկեր լրագրող պատգամավորներ Ռ. Հակոբյանին, Ա. Վարդանյանին, Մ. Եսայանին, Ն. Զոհրաբյանին, Ն. Փաշինյանին եւ Հ. Բաբուխանյանին շարունակելով նաեւ լրագրողական համերաշխության հանրահայտ ու անբեկանելի ավանդույթները «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի շրջանակներում նախաձեռնել կամ աջակցել Է. Մարուքյանի հարցով՝ մասնավորապես խորհրդարանական լսումներ անցկացնելու, կառավարությանն ուղղված համապատասխան հարցերով կամ հարցապնդումով դիմելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցերում: Պետական, քաղաքական գործիչներ, ԱԺ պատգամավորներ՝ Հ. Բագրատյանին, Խ. Հարությունյանին, Ս. Նիկոյանին, Ալ. Արզումանյանին, Վ. Օսկանյանին, Գ.Ջհանգիրյանին, Ա. Գեղամյանին, Ս.Դեմիրճյանին, Գ. Արսենյանին, Խ. Քոքոբելյանին, Լ. Սարգսյանին կոչ ենք անում անհապաղ նախաձեռնել մեր պետության կյանքում աննախադեպ հանցագործության հարցով խորհրդարանական ձեւաչափով քննարկումներ, այդ թվում՝ լսումներ: Սույն բաց նամակում հիշատակված ԱԺ պատգամավորներին, բոլոր խորհրդարանականներին նաեւ հորդորում ենք ԱԺ 2014թ. մայիսի 19-ի կամ հունիսի 9-ին նստաշրջանների ընթացքում ԱԺ նախագահից հրապարակայնորեն պահանջել, Մարուքյանի հարցով, մինչեւ ս.թ մայիսի վերջը անցկացնել խորհրդարանական լսումներ: Դրանց արդյունքների հիման վրա կոչ ենք անում ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը խորհրդարանին եզրակացություն կներկայացնի 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ վանաձորյան հանցագործության մեջ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կենտրոնական ընտրական եւ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ունեցած դերակատարության վերաբերյալ, որովհետեւ դա ոչ թե Է. Մարուքյանի հարցն է, այլ՝ պետական մարկարդակով կազմակերպված աննախադեպ հանցագործության երեւույթի: Լրագրողական հետաքննության արդյունքների հիման վրա անցկացվելիք խորհրդարանական քննարկումների վերոհիշյալ ձեւաչափերը կյանքի կոչելու հարցում հասկանալի պատճառներով վճռական դերակատարություն ունեն ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, Դաշնակցություն, «Ժառանգություն» եւ ՕԵԿ խմբակցությունները, որոնց ղեկավարներին հորդորում ենք այդ հարցում հանդես գալ միասնական օրակարգով եւ անհապաղ սկսել ստորագրահավաք: Վստահ ենք, որ ԱԺ-Չորրորդ իշխանություն համագործակցության արդյունքում վերջապես արդարությունը կհաղթանակի՝ ակնկալելով նաեւ լրագրողական հանրության եւ ընդհանրապես հանուն արդարության պայքարող մարդկանց աջակցությունը:

Մի խումբ լրագրողներ




Լրահոս