ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, մանկավարժի աշխատանքի ընդունման գործընթացում ո՞ւմ է առաջին հերթին տրվում նախապատվություն:

Սուսաննա Ստեփանյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Ստեփանյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ մանկավարժի ընտրության գործընթացում նախապատվությունը տրվում է`
ա. մանկավարժի որակավորում ունեցող մասնագետին,
բ. տվյալ մարզի բնակչին,
գ. հավասար պայմանների դեպքում` մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթերի հիման վրա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012-2013 ուսումնական տարում Հայաստանի պետական եւ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է 40830 ուսուցիչ, որոնցից 84.3%-ը՝ կին: Պետական ուսումնական հաստատություններում աշխատել է 39556 ուսուցիչ, որից կանայք կազմել են 84.3%: Ի դեպ, նախորդ ուսումնական տարվա համեմատ հանրակրթական դպրոցներում ուսուցիչների ընդհանուր թվաքանակը նվազել է 2.2%-ով՝ պայմանավորված դպրոցների քանակի նվազեցմամբ:

 

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ եթե անձը խնամատար ծնող դառնալու մտադրություն ունի, ապա դրա համար անհրաժեշտ է ձեռք բերել ինչ-որ եզրակացություն: Խնդրում եմ ասեք, ի՞նչ եզրակացության մասին է խոսքը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել:

Գայանե Միրզոյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխա դաստիարակության վերցնելու ցանկություն ունեցող անձը խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն ստանալու համար Երեւանի քաղաքապետարան է ներկայացնում դիմում, որում նշվում է նաեւ խնամատար ընտանիքում դաստիարակության համար հայցվող երեխաների թիվը, անձի համաձայնությունը կենսապայմանների ուսումնասիրության նպատակով տնային այցելություն կատարելու մասին:
Դիմումին կցվում են՝
-անձնագրի պատճենը,
-տեղեկանք բնակության վայրից՝ բնակարանային պայմանների եւ ընտանիքի կազմի մասին,
-տեղեկանք աշխատավայրից՝ զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի չափի մասին (եթե աշխատում է),
-ամուսնության վկայականի պատճենը,
-բժշկական փաստաթուղթ առ այն, որ խնամատար ընտանիք դաստիարակության համար երեխա վերցնել ցանկացող անձը չի տառապում ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 5-ի N517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով,
-ամուսիններից մեկի կողմից երեխա դաստիարակության վերցնելու պարագայում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը: Երկու ամուսինների կողմից երեխա դաստիարակության վերցնելու դեպքում տրվում է համատեղ դիմում:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 9-ի N 1735-Ն որոշմամբ հաստատված «Մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) երեխաների տեղավորման կարգի»՝ 2014թ. 1-ին եռամսյակի ընթացքում բաժնի կողմից համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա տրվել է 20 երեխայի՝ մանկատանը տեղավորելու մասին եզրակացություն: Մանկատանը գտնվող երեխաների ծնողներից ստացված դիմումների ուսումնասիրության հիման վրա տրվել է 3 երեխայի՝ մանկատնից կենսաբանական ընտանիք վերադարձնելու եզրակացություն:

 

ՀԱՐՑ. Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ցանկանում է դուրս գալ քաղաքացիությունից, ապա ո՞ր դեպքերում կարող է մերժվել:

Մկրտիչ Իսրասելյան (40 տարեկան, բանվոնր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`
1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին.
4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ.
5) չի ներկայացնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՌԴ միգրացիոն ծառայության տարածքային մարմիններում միգրացիոն հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների թիվն անցնում է կես միլիոնը: Ռուսաստանի Դանշնության պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի հաշվառման է կանգնել 587 հազար 69 ՀՀ քաղաքացի: 145 հազար 122 ՀՀ քաղաքացի ՌԴ-ում ժամանակավոր բնակության իրավունք է ստացել: Ի դեպ ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը 16 հազար 550 է: Նշենք, որ 2012թ. ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը եղել է ավելի քիչ՝ 13 հազար 176:




Լրահոս