ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՍԱՌԵՑՆԻ ԻՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀԿ-ԻՆ

«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Սարգսյանը մոտ ժամանակներս կսառեցնի իր անդամակցությունը ՀՀԿ-ին: Խնդիրն այն է, որ ըստ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի, դիվանագիտական գործունեությունն անհամատեղելի է ակտիվ կուսակցական գործունեութան հետ: Այսինքն՝ Տիգրան Սարգսյանն արդեն կատարել է իր ընտրությունը` դեսպանի անձնագիրը փոխելով ՀՀԿ-ի տոմսի հետ: Եվ ահա այդ պատճառով էլ, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Տիգրան Սագսյանը, հավանաբար, դուրս կգա նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի կազմից:

 

Տեւական ժամանակ է` Սերժ Սարգսյանը պասիվ գործունեություն է ծավալում: Ակտիվություն նկատվեց միայն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Երեւան այցի ժամանակ՝ մայիսի 12-13-ին: Իհարկե Ֆրանսիայի նախագահի պետական այցը արտաքին քաղաքական կարեւոր իրադարձություն է, սակայն այն չի կարող լրացնել տեղեկատվական այն բացը, որն առկա է Ս. Սարգսյանի ամենօրյա գործունեության վերաբերյալ: Ֆ. Օլանդի այցից հետո Ս.Սարգսյանի գործունեությունը սկսվել ու ավարտվել է գերազանցապես շնորհավորական կամ ցավակցական հեռագրեր ուղարկելով կամ էլ Հայաստան ժամանած հյուրերին ընդունելով: Նախորդ շաբաթ նա ընդունել է Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժորին, մայիսի 15-ին նրան հավատարմագրեր է հանձնել Նորվեգիայի նորանշանակ դեսպանը, մայիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ վերջ: Դրանից հետո Ս.Սարգսյանի գործունեության վերաբերյալ չկա որեւէ տեղեկություն՝ չհաշված Թուրքիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի ու Սերբիայի նախագահներին ուղարկած ցավակցական հեռագրերը:

 

«Ժողովուրդ»-ը երեկ հրապարակել էր, որ մայիսի 17-ին Վերնիսաժի հարակից տարածքում հնչած կրակոցների հետեւանքով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» թոռնիկը` 2 տարեկան 8 ամսական Լիլի Առաքելյանը սթերս է տարել եւ դեպքից հետո չի խոսում: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ երեխային բժշկական օգնության ցուցաբերման նպատակով տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ: Իսկ պատգամավորի փեսայի` Գոռ Առաքելյանի ճանապարհը փակած Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հանցավոր վարքուբարքով ապրող ջավախցիներ են, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնությունում գտնվում է հետախուզման մեջ: Մեր տեղեկություններով՝ այս տղաները մոտ 10 օր առաջ Կայարանում եւ մոտ երկու օր առաջ էլ՝ Ալավերդյան փողոցում լուրջ ծեծկռտուքներ են հրահրել: Լուրեր են պտտվում, որ տղաներից մեկը հավակնում է քրեական հեղինակություն դառնալ, դրա համար էլ աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվում:

 

Հայաստանի քաղաքական դաշտն ունիկալ կոնֆիգուրացիաներ ունի, որն արտահայտվում է ոչ միայն ԱԺ-ում, այլեւ հեռավոր համայնքներում: Հունիսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան համայնքում տեղի ունենալիք համայնքապետի ընտրություններին մասնակցում է 3 թեկնածու` երկու ՀՀԿ-ական եւ մեկ ԲՀԿ-ական, ով նաեւ գործող գյուղապետն է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀԿ-ական թեկնածու Խաժակ Մկրտչյանը ոչ միայն այդ համայնքի բնակիչ չէ, այլեւ գրանցված է հենց ԲՀԿ-ական գյուղապետի տանը, ու իր թեկնածությունը հենց իրեն տեղ տվողի դեմ էլ դրել է: Իսկ «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե մրցակիցների կուսակցական պատկանելությունն ինչ ազդեցություն ունի ընտրական գործընթացի վրա, գործող համայնքապետ Լյովա Աբրահամյանը պատասխանեց. «Ի սկզբանե Նիկոլայ Ավանեսյանն է եղել ՀՀԿ-ական, իսկ մյուսը՝ Խաժակը, բոլոր կուսակցությունները փորձեց: Ավելին՝ գյուղապետի նախորդ ընտրություններին ԲՀԿ-ական էր»:




Լրահոս