ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԱՅ ԷՐ ՄՏՆՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ կուլիսներում դեռեւս ակտիվորեն քննարկվում են Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության հասցրած վնասները: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամները մտածում են, որ կարելի է մի հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կբացահայտի նախկին վարչապետի՝ տնտեսությանը հասցրած վնասի չափը: ՀՀԿ-ականները տհաճությամբ են հիշում Տ.Սարգսյանի սովորությունը` ուրիշների բիզնեսներում «փայ» մտնելու առումով: Հիշեցնենք, որ դեռեւս 2013թ. դեկտեմբերին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ երբ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել էր «Կիլիկիա» գարեջրի գործարան՝ ի թիվս աշխատանքային խնդիրների, հետաքրքրվել էր նաեւ գործարանի հավանական վաճառքի ու գնի վերաբերյալ: Նախկին վարչապետն իսկապես նպատակ ուներ այն գնելու: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից, սակայն վերջինս ասաց, որ նման բան չկա:

ՎԱՉԵԻ ԾՐԱԳՐԵՐԸ

Գաղտնիք չէ, որ ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն է նախկին եւ ներկա կառավարության ծրագրերի հիմնական «գրողներից» մեկը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վ. Գաբրիելյանին «պահել» են կառավարությունում նրա համար, որ վերջինս շատ լավ է հասկանում, թե ինչն է կարեւոր կառավարության ծրագրում ներառելու համար: Վ. Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես համահեղինակներից մեկն եմ այդ ծրագրերի, քանի որ կոնկրետ մեկը չի կարող այդ ծրագիրը գրել, դա մեծ աշխատանք է: Իսկ տարբերություններ հին ծրագրի ու նորի միջեւ բնական է՝ կա: Բայց ընդհանրություններ էլ կան»: Հարցին՝ նախկին ծրագիրը ներկայացվել է «նոր» ծրագիր անվան տակ, Վ. Գաբրիելյանը նշեց. «Ոչ, շարունակականություն կա, ես կարծում եմ, որ երկու ծրագրերն էլ պետք է իրենց ժամանակի մեջ նայել»:

ԳՈՐԾԱՐԱՐ ԵՆ, ԹԵ ՊԱՇՏՈՆՅԱ

Կառավարության երեկվա որոշմամբ՝ «Կագա Ագրո» ընկերությունը նախատեսում է ստեղծել նոր ջերմոցային տնտեսություն: Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի ղեկավար Պողոս Գեւորգյանը armlur.am-ի հետ զրույցում դրական է համարում ցանկացած ջերմոցային տնտեսության ստեղծումը, սակայն դրան զուգահեռ պետք է պահպանել եղած ջերմոցները: «Լավ կլինի, որ նոր ջերմոցային տնտեսության արտադրանքն արտահանվի: Հանկարծ փոքր ջերմատների գլխին խաղ չխաղան»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: Տեղեկացնենք, որ Հայաստանում կա 950-1000 ջերմոցային տնտեսություն, որոնց մի մասը փոքր ջերմոցներ են եւ ավելացված արժեքի հարկ չեն մուծում, քանի որ նրանց շրջանառությունը 58 մլն դրամից ավելի չէ: Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն` բացի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից, ջերմոցային տնտեսություններ ունեն Սերժ Սարգսյանը, նրա փեսա՝ Միքայել Մինասյանը, նախագահի գլխավոր խորհրդական՝ Արամ Ղարիբյանը:




Լրահոս