ՀՀԿ-ԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ Է ԲՀԿ-ԱԿԱՆԻ ՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան համայնքում հունիսի 8-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրություններ: Այս պահին առաջադրված թեկնածուները երեքն են՝ գործող համայնքապետ ԲՀԿ-ական Լյովա Աբրահամյանը, ՀՀԿ-ականներ Նիկոլայ Ավանեսյանը եւ Խաժակ Մկրտչյանը: Պարզվում է, որ ՀՀԿ-ական Խաժակ Մկրտչյանը ոչ միայն այդ համայնքի բնակիչ չէ, այլեւ գրանցված է հենց ԲՀԿ-ական գյուղապետի տանը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Շատվանի գյուղապետ, ԲՀԿ-ական Լյովա Աբրահամյանի հետ:

-Պարոն Աբրահամյան, խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Շատվանի համայնքի ղեկավարի ընտրությունները թեժ են լինելու, քանի որ Ձեր մրցակիցները ՀՀԿ-ական են, իսկ Դուք՝ ԲՀԿ-ական:
-Բնական է: Ամեն մեկն իր համար պայքարում է, էլի…
-Լարվածություն կա՞:
-Հնարավոր է, որ թեժ անցնեն ընտրությունները, բայց լարվածություն չկա:
-Ձեր մրցակիցներին ճանաչո՞ւմ եք:
-Այո, ճանաչում եմ, բայց նրանցից մեկը՝ Խաժակը, Շատվանի բնակիչ չէ ու իմ տանն էլ գրանցված է:
-Ձեր տանը գրանցված է ու Ձեր դեմ էլ պայքարելո՞ւ է: Բարեկա՞մ է:
-Չէ, բարեկամ չէ: Այս երկիրն այդպես է, չգիտե՞ք: Նախկինում ինքը երկու անգամ դրել է իր թեկնածությունը, երկու անգամ էլ պարտվել է: Սա երրորդ անգամ է: Ու այս անգամ էլ կպարտվի: Մյուս՝ երկրորդ թեկնածուի՝ Նիկոլայի հետ էլ եմ ընտրապայքարում եղել, նա էլ պարտվեց:
-Քարոզարշավ անցկացնելո՞ւ եք:
-Ես ընդհանրապես քարոզարշավ չեմ անում, որովհետեւ գյուղացիները գիտեն, թե ով ով է:
-Իսկ Ձեր մրցակիցնե՞րը:
-Այո, անցկացնում են:
-Քանի՞ տարի է, ինչ ԲՀԿ անդամ եք:
-Ինչ կուսակցությունը ստեղծվեց: ՀՀԿ-ն շատ է ուզում, որ ես իրենց անդամակցեմ, չեմ անդամակցելու, սկզբունքի հարց է:
-Մյուս թեկնածուների կուսակցական պատկանելության մասին ի՞նչ կասեք:
-ՀՀԿ-ական ի սկզբանե Նիկոլայ Ավանեսյանն է եղել, իսկ մյուսը՝ Խաժակը, բոլոր կուսակցությունները փորձեց: Ավելին՝ գյուղապետի անցյալ ընտրություններին ԲՀԿ-ական էր:
-Եվ քանի որ թեժ են լինելու ընտրությունները, հնարավո՞ր է ընտրակաշառքներ էլ բաժանվեն:
-Հնարավոր է, չգիտեմ, ամեն տեսակի տարբերակներ էլ օգտագործում են, բայց դե չգիտեմ:
-Վստա՞հ եք, որ հաղթելու եք:
-Ինձ համար ամեն մի անակնկալն անակնկալ չի կարող լինել: Ոչ ոք վստահ չի կարող ասել, թե ինչ կլինի: Ես սպասում եմ ամեն կուսակցության ճնշումներին էլ, որովհետեւ սովոր եմ, քանի որ միշտ էլ այդպես է եղել:
-Ճնշումներ ո՞ւմ կողմից:
-Իհարկե, իշխող կուսակցության, ուժայինների կողմից: Սպասում եմ:
-Իսկ ԲՀԿ-ն չի՞ աջակցելու Ձեզ:
-Կանչեցին կուսակցություն հարցրեցին, թե ի՞նչ խնդիրներ ունեմ: Ես էլ ասեցի, որ չունեմ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս