ՎՆԱՍՆԵՐ ԼԱՐՍԻ ՓԼՎԱԾՔԻՑ
Օրերս Վրաստանի Ներքին Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած փլվածքի հետեւանքով Հայաստանում գործող մի քանի տուր-ընկերություններ վնասով են աշխատում: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք: Ըստ նախնական տվյալների՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Armlur.am-ը կապ հաստատեց որոշ ընկերությունների հետ իմանալու՝ ինչ վնասներ են կրել նրանք եւ ինչպիսի օգնություն է ցուցաբերվել վթարի պահին իրենց ուղեւորներին: «Մոսկով տրանս» ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանից գնացած որեւէ մեքենա չի տուժել, քանի որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրն առավոտյան, իսկ Հայաստանից երթուղի լինում է կիրակի եւ չորեքշաբթի օրերին: «Այդ օրը մենք այնտեղից եկող երկու մեքենա ենք ունեցել: Ուղեւորներին օգնություն ենք ցուցաբերել, տարել ենք մոտակա տեղեր, մարդիկ են եղել, որ Պյատիգորսկից միանգամից իրենց տուն ենք ուղեկցել: Մեր հիմնական վնասն այն է, որ արդեն 5-6 օր մեքենաները կանգնած են, ճանապարհը փակ է ոչ միայն ավտոբուսների, բեռնատարների, այլեւ՝ ընդհանուրի համար: Մոտակա 10 օրն էլ երեւի փակ կլինի»,-հայտնեց Երեւան-Մոսկվա երթուղին սպասարկող ընկերության աշխատակիցը: Իսկ «Ավազար» ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք դեպքի օրը վնասներ չեն կրել, եւ իրենց մեքենաներից դուրս եկածներ չեն եղել: «Մենք որեւէ վնաս չենք կրել: Այդ ժամանակ, բարեբախտաբար, չենք ունեցել: Որեւէ ավտոբուս բաց չենք թողել, ոչ էլ այնտեղից է եկել: Դեռեւս չենք կարողանում մեքենա բաց թողնել»,-հավելեց աշխատակիցը: Տեղեկացնենք նաեւ, որ ԱԻՆ-ից ստացած տվյալների համաձայն՝ երեկ մինչեւ կեսօր Լարս ավտոճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՁՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ՝ ժամը 12.11-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղի բնակիչ Խ. Ս.-ն ս. թ. մայիսի 17-ին (ընտանիքի անդամների հետ) գտնվում է Ջերմուկ քաղաքի մոտակայքում գտնվող արոտավայրում եւ նախնական տվյալներով տեղացած ձյան պատճառով արգելափակվել է այնտեղ: Անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: