ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԱՐԳԱՄԻՉՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ երեկվա արտահերթ նիստում կրքերը բավական թեժացան այն բանից հետո, երբ խորհրդարանը սկսեց քննարկել «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը: Բանն այն է, որ կառավարությունն առաջարկում է վերացնել ձկնաբուծարաններին ջրօգտագործման մասով տրված արտոնությունները` այդպես նպատակ ունենալով պահպանել ստորգետնյա ջրերի նվազող պաշարները:

Խորհրդարանում բանավեճը թեժացավ այն բանից հետո, երբ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` հայտարարելով, որ թեեւ կառավարության նպատակը ստորգետնյա ջրային ռեսուրսների պահպանումն է, սակայն օրենսդրական փոփոխություններով այդ հարցին լուծում չի տրվում. «Իսկ ժամանակին ինչո՞ւ են այդքան թույլտվություններ տրվել, ժամանակին գիտեիք, չէ՞, որ մեր հնարավորությունը 900 մլն խմ էր, ինչո՞ւ ենք 1.6 մլրդ-ի թույլտվություն տվել: Բերե՛ք օրենքով սահմանափակենք թույլտվությունը, այստեղ թույլտվության խնդիր չկա: Եկե՛ք սա չկապենք նրա հետ, թե մեր ձկնարդյունաբերության վրա սա ինչ բացասական ազդեցություն կունենա: Ես առաջարկում եմ ընդունենք այս օրենքը, բայց պարոն Արամ Հարությունյանին հորդորենք, որ մեզ ներկայացնի համալիր ծրագիր»: Այլ կերպ ասած՝ թեեւ Աբրահամյանը միանշանակ համաձայն չէ այս նախագծին, բայց մյուս կողմից նա չի համարձակվում մերժել այն:
Աբրահամյանի ելույթին արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` հայտարարելով, որ օրենքում փոփոխություններ կատարելու դեպքում կփակվեն փոքր ձկնաբուծարանները, դաշտում կմնան խոշոր տնտեսվարողները: Այնուհետեւ նա Հովիկ Աբրահամյանին մեղադրեց ձկնաբուծության ոլորտում բիզնես ունենալու մեջ: «Իմ թիկունքում նստած պարոն Աբրահամյանը հանդես եկավ արտահերթ ելույթով, ու ակնհայտ է, որ նա ունի իր շահը ձկնաբուծության ու ստորգետնյա ջրերի օգտագործման հարցում,-հայտարարեց Փոստանջյանը եւ հավելեց,-խոշոր ձեռնարկատերերն ատամներով պահում են իրենց շահերը: Ես` որպես փաստաբան, Ձեզ, պարո՛ն Աբրահամյան, խորհուրդ կտայի արտահերթ ելույթով հանդես չգալ, քանի որ դա տգեղ երեւույթ էր, որ խոշոր տնտեսվարողները՝ ի դեմս Ձեզ, փորձում են ատամներով պաշտպանել իրենց շահը»: Փոստանջյանի հայտարարությունը, սակայն, զայրացրեց Արգամիչին, ու նա երկրորդ անգամ արտահերթ ելույթի իրավունքով մոտեցավ ամբիոնին: «Պատգամավորին արգելվում է բիզնեսով զբաղվել, բայց բիզնեսի կառավարման ոլորտում չի արգելվում ներգրավվել: Ես չեմ ամաչի հայտարարել, որ ձկնարդյունաբերության ոլորտում ունեմ բիզնես, եթե ունենամ»,-սկսեց արդարանալ Աբրահամյանը: Նա նաեւ նշեց, թե որոշ քաղաքական գործիչներ զբաղվում են իր դեմ պատվեր կատարելով, եւ ի դեմս Փոստանջյանի՝ պատվիրատուների թիվն ավելացավ եւս մեկով: «Փոքր երկիր է, ու մենք հստակ գիտենք` որ մամուլը ում կողմից է կառավարվում, ով է այդ պատվերները հնչեցնում»,-ասաց Աբրահամյանը` պատվիրատուներին կոչ անելով գումարները ծախսել բարեգործության վրա` ուղարկելով մանկատներ, ծերանոցներ, սոցիալապես անապահով ընտանիքներին, «ոչ թե հաստացնեն մամուլի որոշ հաստավիզ ներկայացուցիչների ու լրագրողների»:
«Պարո՛ն Աբրահամյան, Դուք նույնիսկ հնարավորություն չունեք Ձեր կամքն ազատ արտահայտել, Դուք ենթակա անձ եք, Դուք չեք կարող կառավարության բերած նախագծին դեմ քվեարկել: Ես չեմ կարծում, որ այստեղ մարդիկ կան, որ պետք է պատվիրեն Ձեր մասին գրել, այդ ամենն ակնհայտ է, կարիք չկա, որ պատվեր լինի»,-հակադարձեց Փոստանջյանը: «Ըմբռնումով եմ մոտենում Ձեր մաղձին, վերցնում եմ իմ վրա, ինչքա՞ն պիտի ես դիմակայեմ Ձեր մաղձին, որ Դուք այդքան մաղձ ունեք իմ նկատմամբ, մեր իշխանությունների»,-արձագանքեց Աբրահամյանը:
Տեղի ունեցածը կարելի էր համարել Զարուհի Փոստանջյան-Հովիկ Աբրահամյան հերթական բախումը, եթե չլիներ մեկ այլ հանգամանք. նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ պատգամավորուհին` Արփինե Հովհաննիսյանը, որն իրեն հատուկ ոճով սկսեց ԱԺ ամբիոնից մատ թափ տալ ու «դաստիարակել» դահլիճում նստածներին: «Խորհրդարանին ներկայացրե՛ք համապարփակ տեղեկատվություն… Ներկայացրե՛ք կարգավորման ազդեցության գնահատական: Դուք դա, ի դեպ ասած, պարտավոր եք անել օրենքով եւ պարտավոր եք անել ոչ թե էնպես, ինչպես ներկայացված է, այլ էնպես, որ յուրաքանչյուրը կարդա եւ հասկանա»,-հայտարարեց նա՝ ըստ էության, ներկայացնելով նույն շեշտադրումները, ինչ իր ելույթում արել էր Աբրահամյանը: Այլ կերպ ասած՝ երեկ Հովհաննիսյանն իր պահվածքով անուղղակի կերպով եկավ ապացուցելու Փոստանջյանի պնդումները, որ Աբրահամյանը, իրոք, ունի ձկնաբուծարաններ, ու նախագծի որոշ շեշտադրումների հետ անհամաձայնություն հայտնելով՝ նրանք իրականում անձնական շահ են հետապնդում: Այլապես անհասկանալի է, թե ինչու էր հենց Արփինե Հովհաննիսյանն այդքան բորբոքված ելույթ ունենում: Փոխարենը այդ էնտուզիազմը չկար, օրինակ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս