ՉԵՆ ՄԱՔՐԻ՝ ԿՊԱՏԺՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը վստահեցնում է, որ մայրաքաղաքում հունվարի 14-ի գիշերը տեղացած առատ ձյան պատճառով շարունակվում են գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաեւ մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները, սակայն երեկ «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիները, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարներն այլ պատկեր էին արձանագրում: Քաղաքապետարանի աշխատանքներից դժգոհող քաղաքացիները նշում էին, որ ոչ մի աշխատանք էլ չի իրականացվել, հակառակը՝ մայթերն ու բակային տարածքները շարունակում են մնալ առատ ձյան մեջ:
Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանի՝ երեկ տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ձնամաքրման աշխատանքներին գիշերային ժամերին մասնակցել է 149 միավոր մասնագիտացված տեխնիկա: Իսկ առավոտյան՝ ժամը 10:00-ի դրությամբ, արդեն օգտագործված է եղել ավելի քան 242 տոննա աղ եւ ավելի քան 597 խմ ավազ: Գործընթացը վերահսկվել է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության եւ հատուկ օպերատիվ շտաբի կողմից: Ըստ քաղաքապետարանի՝ պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին որոշման պահանջները չկատարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով խիստ հսկողություն է սահմանվել նաեւ տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգի պահպանման նկատմամբ:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու՝ 2009թ. դեկտեմբերի 2-ի «Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշման համաձայն՝ յուրաքանչյուր տնտեսվարող տարվա բոլոր եղանակներին պարտավոր է մշտապես մաքուր, բարեկարգ եւ խնամված պահել իր օբյեկտի հարակից տարածքները: Պարտավորությունները չկատարող տնտեսվարողներն օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության: Թերությունները չվերացնելու դեպքում պատասխանատուներն իրավասու են կրկին արձանագրություն կազմել:
Ինչ վերաբերում է իրավիճակին մայրաքաղաքից դուրս, ապա տեղեկացնենք, որ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է միայն Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, եւ առկա է ձնաբուք: Իսկ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան եւ Թալին քաղաքների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

 

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս