Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը, այսօր` ժամը 01:52-ին, Երևանից Ալավերդի գարեջուր տեղափոխող բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` Լոռու մարզի բնակիչ Լորիկ Կարապետյանը, և երևանցի Օնիկ Եսայանը տեղում մահացել են:
Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ բեռնատարը տեղափոխում էր «Կոտայք» գարեջրատեսակից, և վթարի հետևանքով մեծ քանակությամբ գարեջուր լցվել է բնակիչներից մեկի այգին:
Տեսնելով այդ ամենը` մի քանի քաղաքացի փորձել է հավաքել և վերցնել գարեջուրը, սակայն «Կոտայք» ընկերության՝ ավելի ուշ դեպքի վայր ժամանած աշխատակիցները, տեսնելով թոհուբոհի մեջ հայտնված բնակիչներին, սկսել են վիճել նրանց հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի:
Մեզ հասած տեղեկություններով` ծեծկռտուքը լուրջ հետևանքներ չի ունեցել, սակայն մեծ քանակությամբ գարեջրի կորուստը նկատելի է բոլորին:
Armlur.am-ին չհաջողվեց կապ հաստատել գարեջուր արտադրող ընկերության հետ՝ իմանալու համար, թե որքան վնաս են կրել վթարի հետևանքով: Այս պահին դեպքի վայր են ժամանել ԱԻՆ աշխատակիցները, ովքեր փորձում են դուրս բերել անճանաչելիության աստիճան ջարդուխուրդ եղած բեռնատարը:
Armlur.am-ը տեղեկացավ, որ դժբախտ պատահարի հետևանքով մահացածները տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Մեզ հետ զրույցում գլխավոր բժիշկ Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ իրենց մոտ տեղափոխված դիակները սարսափելի վիճակում են եղել: Բժշկի խոսքերով` նրանց նայելն անհնար էր:
«Դատաբժշկական փորձաքննություն արդեն եղել է: Երևանցու հարազատներին մենք առաջարկեցինք դին տեղափոխել Վանաձոր, սակայն նրանք պնդեցին, որ ցանկանում են տեղափոխել Երևան: Իսկ մյուսի դին Վանաձորից կտեղափոխվի Ալավերդի»,- շարունակելով խոսքը` ասաց բժիշկ Մկրտչյանը: