Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ադրբեջանական կողմից հրադադարի պարբերական խախտումները հերթական անգամ վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի եւ պաշտպանության նախարարության ղեկավարությունը միտումնավոր դիմում է սադրիչ գործողությունների հայ-ադրբեջանական շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու նպատակով, կամ`  ադրբեջանական զինված ուժերի` սահմանագոտում տեղակայված ստորաբաժանումները չեն ենթարկվում կենտրոնական հրամանատարությանը, զբաղված են ինքնագործունեությամբ եւ հաշվետու չեն հրամանատարությանը սպառած ռազմամթերքի համար, եթե, իհարկե, նման հաշվարկներ Ադրբեջանի զինված ուժերում ընդհանրապես տարվում են:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից եւ գործուն միջոցներ ձեռնարկել սահմանագոտում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերը եւ ԼՂՀ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն




Լրահոս