Արդեն հայտնել էինք, որ քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների մասով դատական քննությունն ավարտվել է: Այս պահին ընթանում է դատական վիճաբանությունների փուլը:
Ամբաստանյալներ Սևակ Մնացականյանի և Ավետիս Ավետիսյանի շահերի պաշտպան Կարեն Քալանթարյանը պաշտպանական ճառում նկատեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալ Սևակ Մնացականյանը նախորդ տարվա նոյեմբերի 5-ի երթին ի սկզբանե չի մասնակցել, ուստի նրան առաջադրված մեղադրանքն արհեստականորեն է արվել մեղադրողի կողմից: Պաշտպանը խնդրեց արդարացնել իր պաշտպանյալներին:
Ապա ամբաստանյալ Ալեք Պողոսյանը հրաժարվեց այսօր ներգրավված պաշտպանից` նշելով, որ ինքը տեղեկացել է, որ նոր պաշտպանը` Աղաջանյանը, ունի իրավական չափորոշիչներով աշխատելու մարտավարություն, իսկ իրենց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:
Դատարանը, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 69 և 313 հոդվածներին, նկատեց, որ հետագայում նա չի կարող պաշտպան ունենալ ցանկության դեպքում: Ուստի ամբաստանյալի խնդրանքը մերժվեց:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 15-ին:
Նախքան ավարտն ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը հատարարությամբ էր ցանկանում հանդես գալ, սակայն դատավորն ասաց, որ նիստն արդեն ավարտվել է: «Բայց ես պաշտպանից եմ ցանկանում հրաժարվել, չի՞ կարելի»,- ասաց ամբաստանյալը:
Ավետիս Ավետիսյանի այս հայտարարությունը զայրացրեց պաշտպան Կարեն Քալանթարյանին: Դատարանի դահլիճից դուրս գալու պահին պաշտպանը, դիմելով Ավետիսյանի մորը, ասաց. «Աղոթեք, որ ձեր տղան ազատվի: Մատաղ պիտի անեք դրա համար: Էդ ձևով ինձ ընդհատել ու խանգարել պետք չէր»: