Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունը հայտնեց մանկավարժներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարևորելով զինված ուժերի և կրթօջախների միջև հաստատված անքակտելի կապը և ըստ արժանվույն գնահատելով մանկավարժների հայրենանվեր աշխատանքը` հոկտեմբերի 3-ին Ուսուցչի օրվան ընդառաջ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որն մասնակցել է նաև պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը:

Դպրոցը հասարակության և պետության հենարանն է, ուսուցիչը՝ հիմնասյունը: Սրանք լոկ միայն խոսքեր չեն: Ուսուցչի անտրտունջ և անխոնջ աշխատանքի շնորհիվ է կրթվում ու դաստիարակվում մեր հայրենիքի վաղվա արժանավայել քաղաքացին և հայոց բանակի քաջարի զինվորը: Այն սերունդը, որը վաղը անառիկ է պահելու հայրենի եզերքի սահմանները՝ ապահովելով հուսալի ու խաղաղ արարում հայ ժողովրդի համար:

Եվ պատահական չէ, որ արդեն մի քանի տարի է, որպես բարի ավանդույթ, պաշտպանության նախարարության հարկի ներքո հանդիսավորությամբ նշվում է Ուսուցչի օրը` վերստին հավաստելով այն իրողությունը, որ պաշտպանության նախարարությունը կարևորում է զինված ուժերի և կրթօջախների միջև հաստատված անքակտելի կապը, արժևորում մանկավարժների դերը աճող սերնդի ոչ միայն կրթության, այլև հայրենասիրական դաստիարակության և հայրենաճանաչողության գործում:

Բոլոր ժամանակներում էլ և բոլոր հասարակություններում միշտ էլ մեծարել են ուսուցչին և խորին ակնածանքով վերաբերվել նրան: Հայ ուսուցչին` առավել ևս, որովհետև նրան է վերապահված եղել մեր լեզուն, մշակույթը և ազգային ինքնությունը իր հայեցի դաստիարակությամբ պահպանելու առաքելությունը:

Պաշտպանության նախարարությունում էին մեկտեղվել բազմաթիվ մանկավարժներ, նրանց նախկին աշակերտները, ովքեր այժմ ժամկետային զինծառայողներ են: Ուսուցչի օրվան նվիրված տոնական հանդիսությանը ներկա էին հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի դիվերսիաները հետ մղած և խիզախորեն մարտնչած այն զինծառայողների ուսուցիչները, ովքեր արիաբար մարտիրոսվեցին` սեփական կյանքի գնով պաշտպանելով հայրենյաց սահմանները:

Ողջունելով և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունը հայտնեց մանկավարժներին այն բանի համար, որ նրանց կրթած ու դաստիարակած աշակերտներն, այսօր բարեխղճորեն և պարտքի մեծ գիտակցմամբ ծառայում են հայկական զինված ուժերում` կարողանալով փոքր ուժերով մեծ խնդիրներ իրականացնել:

Բարձր գնահատելով պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների միջև գործակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց նաև, որ բանակն այսօր իրականացնում է լայնածավալ ուսումնական գործընթաց: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս երկու նախարարությունների միջև համագործակցության շրջանակում իրականացվել են ռազմական դաստիարակությանն ուղղված բազմաբնույթ ծրագրեր, ընդունվել են համատեղ որոշումներ հետագա անելիքների վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում ելույթներով և շնորհակալական խոսքերով հանդես եկան նաև հանրակրթության ոլորտի պատասխանատուները, հուլիս-օգոստոսյան իրադարձությունների հետևանքով զոհված զինծառայողների ուսուցիչները:

Ուսուցչի օրվան նվիրված տոնական հանդիսությունը եզրափակվեց պարգևատրման արարողությամբ: Մատաղ սերնդին ազգային, հայրենասիրական ոգով դաստիարակելու համար մի խումբ մանկավարժներ խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և նվերներով:

usucich

usucich2

usucich3

usucich4

usucich5

usucich7




Լրահոս