ՀԱԿ-ԻՑ ՆԵՂԱՑԱԾՆԵՐՆ ՈՒ ԼՔՈՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն  գրել է, որ Հայ ազգային կոնգրեսում «նեղացածների» մի խումբ կա, որոնք չեն ցանկանում իրենց գործունեությունն այնտեղ շարունակել: Խոսվում է, որ նրանց շարքերում են` ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀԱԿ անդամներ Վաղարշակ Հարությունյանը, Դավիթ Շահնազարյանը, Անդրանիկ Քոչարյանը:  Վերջին մի քանիսի անունն ընդհանրապես ՀԱԿ համամասնական ցուցակում չկար: «Ժողովուրդ»-ը զրուցել է նրանցից ոմանց հետ:  

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ  
-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Դուք եւս որոշել եք դուրս գալ ՀԱԿ-ից, քանի որ լուրջ տարաձայնություններ ունեք:
-Որտեղի՞ց Ձեզ այդ լուրերը, մեր կողմից այդպիսի հայտարարություն չի եղել, հարց է եղել՝ ինչ ենք անելու, ես ասել եմ, որ մենք Կոնգրեսում ենք, մենք մտածում ենք մեր կուսակցության անելիքների եւ առաջարկությունների մասին, այդքանը:
-Այսինքն` ՀԱԿ-ից նեղացա՞ծ չեք:
-Դա ամոթ է, իմ տարիքը եւ անցած ուղին թույլ չեն տալիս, որ ես նեղանամ, ումի՞ց նեղանաս՝ ազգի՞ց, ժողովրդի՞ց, երկրի՞ց:
-Ասում են՝ հակասություններ կան Ձեր եւ ՀԱԿ-ի միջեւ:
-Հակասություն լինի` կասեմ, իհարկե հակասություն կա, որտե՞ղ չկա, հանցավոր ռեժիմը հակասությո՞ւն չէ մեր անցյալի, ներկայի ու ապագայի համար, մարդասպաններ են. հակասություն չէ, բա ի՞նչ է: Բայց ամոթ է, ես ինձ թո՞ւյլ կտամ ՀԱԿ-ի հետ ինչ-որ բան լինի, մենք կքննարկենք ու կհարթենք:
-Այսինքն՝ հեռանալու մտադրություն այլեւս չունե՞ք:
-Չէ՛, չէ՛, ասում եմ՝ մենք ունենք քաղխորհուրդ, որտեղ առաջիկայում որոշում կկայացվի, մի՛ մոռացեք, որ դա կառույց է:

ԺՈՒԿ նախագահ ՄԱՆՈՒԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ
-ԱԺ ընտրությունների վերաբերյալ Ձեր հայտարարությունը փաստում է այն, որ Դուք դժգոհ եք ՀԱԿ-ի գործունեությունից եւ որոշել եք դուրս գալ այդ դաշինքից:
-Դա ընդամենը մեր քննարկումների արդյունքն էր: Մեր քաղխորհուրդը դեռեւս չի գումարվել, եւ ոչ մի նման հարց չի քննարկվել: Մոտակա օրերին կլինի նման քննարկում, բայց օրակարգում դեռեւս նման հարց չունենք դրված:
-Համաձայն տարածված տեղեկությունների՝ ՀԱԿ-ից դժգոհություններ ունեք, եւ լուրջ տարաձայնություններ կան Ձեր եւ նրանց միջեւ:
-Դժգոհություն, ասենք, ինչպես ժողովրդի մեջ է, այդպես էլ կուսակցության մի շարք անդամների մոտ` կապված այն բանի հետ, որ հանրահավաքները չշարունակվեցին:  Մարտավարության եւ ռազմավարության որոշ քայլեր դժգոհություն առաջացրել են: Բայց դա չի բերում նրան, որ մենք այսօր քաղխորհրդում այդ հարցը քննարկենք՝ ՀԱԿ-ից դուրս ենք գալու, թե մնալու ենք: Առայժմ նման կարծիք չկա, այդ հարցը… ժամանակը կբերի դրան: Առայժմ մենք մնում ենք Կոնգրեսի մաս կազմող ուժ: Մենք դիմել ենք դատարան ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ, այժմ մենք այդ գործընթացով ենք զբաղված:
-Ձեր կարծիքով՝ պե՞տք չէր այդ մանդատները վերցնել եւ ԱԺ մտնել:
-Մենք ցանկանում էինք, որ ամեն տեղ դիմեինք, բոլոր ատյաններին ներկայացնեինք ընտրությունների արդյունքները եւ փորձեինք ապացուցել, որ ընտրությունները կեղծվել են: Մեր տարաձայնությունը կոնկրետ այս քայլի համար էր, այն հանրահավաքի ժամանակ, երբ հայտարարվեց, որ մենք վերցնում ենք մանդատները: Կարելի էր ամեն ձեւ պայքարել, հետո նոր տեսնել, թե ինչ կարելի է անել: Ընդամենն այսքանը:
-Եթե ԺՈՒԿ-ը, ի վերջո, որոշի դուրս գալ ՀԱԿ-ից, Ձեր հետագա գործունեությունն ինչպիսի՞ն է լինելու:
-Դուրս էլ գանք, դուրս էլ չգանք` մենք պայքարող ժողովրդի կողքին ենք լինելու:

ՀԱԿ անդամ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
-Պարո՛ն Շահնազարյան, մեր տեղեկություննեով՝ որոշել եք ՀԱԿ-ից դուրս գալ:
-Ժամանակին կխոսեմ, բայց ոչ հիմա: Չէ՛, հիմա ոչ մի բան չեմ ուզում խոսել: Հիմա հաստատ չեմ խոսելու: Իսկապես մամուլին որեւէ բան ասել չեմ ուզում:
Հ.Գ  ՀԱԿ անդամ Վաղարշակ Հարությունյանը եւս առայժմ հրաժարվեց խոսել իր` ՀԱԿ-ից դուրս գալու մասին: Չկարողացանք զրուցել նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի, ՀԱԿ անդամներ Անդրանիկ Քոչարյանի հետ, քանի որ վերջիններիս հեռախոսահամարներն անհասանելի էին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս