«ԴԱՏԱՐԿ ՄԵՇՈԿ»՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի մի շարք համայնքների բնակիչներ դժգոհում են աշնանացան ցորենի վատ արդյունքից: ՌԴ-ից Հայաստան ներկրված էլիտար տեսակի առաջին վերարտադրության ցորենի սերմացուն եւս անորակ է եղել՝ փաստում են գյուղացիները: «Ցորենը մանր էր, թաք-թուք տեղեր ծլավ, էն էլ բանի պետք չէ: Դաշտիցս համարյա բերք չունիմ ստանալու, լրիվ մոլախոտ է: Էս էլ իրանց գոված սերմի արդյունքը: Թող գան տեսնին, որ բերք չունիմ ստանալու»,-ասում է Ջրափիի բնակիչ Գեւորգ Սիմոնյանը:
Շիրակի մարզպետարանի աշխատակիցները շրջայցեր են կազմակերպել մարզի այն գյուղական բնակավայրեր, որտեղ հատկապես մեծ է գյուղացու կրած վնասը: Նրանք պնդում են, որ էլիտար տեսակի սերմից չէ, որ բերքը վատն է: Մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ պատճառը հիմնականում եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել. «Աշնանը ցրտահարվեց ցորենը: Մեզ մոտ -30 աստիճան եղավ, եւ դա ազդեց: Արդեն թփակալված ցորենը ոչնչացավ»:
Իսկ մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանի խոսքերով՝ պատճառները շատ են, որ այսօր գյուղացին տխուր փաստի առաջ է կանգնած: Կան դեպքեր, որ մի գյուղի տարբեր հատվածներում տարբեր արդյունքներ են արձանագրվել: Բերում է Ջրափի համայնքի օրինակը. «Զաստավում գտնվող հողերը լավ բերք չեն տվել, բայց գյուղի մեջ տեղեր կան` ցորենը լավ է ստացվել: Կամ նույն սերմը մի տեղ դուրս է եկել, մյուսում բույսը նվազ է ստացվել: Ե՛ւ եղանակն է ազդել, ե՛ւ կան մարդիկ, որոնք ագրոտեխնիկական կանոնները ճիշտ չեն կատարել: Միայն սերմի որակի վրա գցելը ճիշտ չէ»:
Մինչդեռ գյուղացիները նման մեղադրանքները համարում են անհեթեթ: «Ամբողջ կյանքս ես հողի հետ կռիվ կուդամ, ուրեմն ես չիդե՞մ՝ երբ եմ ցանելու ցորենը կամ ինչ ձեւ: Խեղճ գյուղացու վրա թող մեղքը չգցեն: Մենք շատ լավ կհասկանանք, թե ինչի համար կենեն էդ ամեն ինչը»,-իր կարծիքը հայտնեց Հոռոմի բնակիչ Աշոտ Դիլանյանը:
Հիշեցնենք, որ այս ցորենի սերմացուն գյուղացուն է տրվել պայմանագրային այն պայմանով, որ մեկը երկուսի հարաբերությամբ նա հետ վերադարձնի: Փաստորեն, այս տարի շատերն իրենց ստացած չնչին բերքը ստիպված են լինելու հանձնել պետությանը: Այս դեպքում եկամտի մասին խոսելն ավելորդ է: Չի բացառվում, որ շատերը տալու բան էլ չեն ունենա: Մարզպետարանից, սակայն, պնդում են, որ ֆերմերը պետք է պահի պայմանագրի կետը: Անդրանիկ Նալբանդյանից փորձեցինք ճշտել, թե պայմանագրերում չկա արդյոք կետ՝ ֆորսմաժորային իրավիճակների վերաբերյալ. «Պայմանագրում ֆորս մաժոր չկա: Ուզում է կարկուտ լինի, ուզում է՝ երաշտ, միեւնույն է, պետք է վերադարձնեն սերմը»:
Դժվար թե պայմանագրի ստորագրման ժամանակ ֆերմերներն ուշադրություն դարձրած չլինեն այս հանգամանքի վրա: Ինչեւէ, այսօր փաստը մնում է փաստ՝ սերմը, որը, գյուղնախարարության աշխատակիցների խոսքերով, պետք է շատ լավ արդյունք տար, չարդարացրեց գյուղացու սպասելիքները: Մարզպետարանից տեղեկացանք, որ փոխհատուցում եւս չի լինի: Գյուղացիներից մեկն այդ կապակցությամբ ասաց. «Հավատացե՛ք՝ մոլորվել եմ: Շատ փոշման եմ, որ էդ անորակ սերմը վերցրի, եղանակն էլ վրադիր: Ես, դատարկ մեշոկից բացի, պետությանը ուրիշ հեչ բան չեմ կրնա տամ»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս