ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի՝ նոյեմբերի 21-24-ը տեղի ունեցած նստաշրջանին ընդունվել է 8 բանաձև: Աշխատանքներին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատվիրակության անդամներ Կորյուն Նահապետյանն ու Թևան Պողոսյանը ներկայացրին նստաշրջանում տեղի ունեցածը:
Կորյուն Նահապետյանի խոսքով՝ նստաշրջանում կար զեկույց, որտեղ ԼՂՀ-ին վերաբերող ոչ ճիշտ հատված կար, և իրենք զեկուցողին կոչ են արել խոսել այն լեզվով, որը հաստատված է Մինսկի խմբի կողմից:
Պատվիրակության անդամները նշեցին, որ ադրբեջանական պատվիրակներն ու լրատվամիջոջներն աղաղավաղել են ՆԱՏՕ-ի ղեկավարի և իրենց հարցուպատասխանը, որը վերաբերում էր Ադրբեջանի կողմից հայկական ուսումնական ուղղաթիռի խոցմանը:
«Ուղղաթիռի խոցման մասով՝ պետք է նշեմ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ու պատվիրակներն աղավաղել են ինչպես հարցադրումները, այնպես էլ՝ պատասխանները: Պատասխան է եղել, որ ՆԱՏՕ-ն որևէ ուղղակի դերակատարում չունի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում, կարգավորումը չունի ռազմական լուծում, և ՆԱՏՕ-ն սատարում է այն գործընթացին, որն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից», – պատասխանը ներկայացրեց Կորյուն Նահապետյանը: