ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակման մեջ կասկածվող անձն ազատ է արձակվել, քանի որ ըստ համապատասխան մարմնի, դա ծանր հանցագործություն չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Պատասխանելով այն հարցին, թե որևէ պաշտոնյային վիրավորելը կարո՞ղ է հիմք հանդիսանալ մարդուն ծեծելու համար, Կոստանյանը նշեց, որ որևէ անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններն անթույլատրելի են, իսկ խոսքի ազատությունը միշտ պետք է տարբերել վիրավորանքից:
«Խոսքի ազատությունը չպետք է շփոթել վիրավորանքի կամ զրպարտության հետ, այն չպետք է անցնի վիրավորանքի շեմը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ մասնավոր հայտարարությունների հետ կապված չի ցանկանում մեկնաբանություն տալ։
«Քննությունը կպարզի, թե դա ինչի հետևանք էր: Ծեծը, անկախ շարժառիթից, հանցագործություն է»,-եզրափակեց նա: