«Գրոմ սիքյուրիթի» ՍՊԸ տնօրեն Վարդևան Հակոբյանը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
«Հարգարժան պրն. Վ.Գասպարյան, դիմում ենք Ձեզ հավատով և խնդրանքով դիմումի բովանդակության արդարացի քննարկման և լուծման կապակցությամբ:
2014 թ. դեկտեմբերի 8-ին Գյումրի քաղաքում հիմնել եմ «Գրոմ սիքյուրիթի» ՍՊ ընկերությունը, որը պետք է իրականացնի պահնորդական գործունեություն Գյումրի քաղաքում: Օրենքով նախատեսված կարգով աշխատանքային պայմանագրեր են կնքվել թվով 14 քաղաքացիների հետ, որոնցից 4-ը ունեն պահնորդի որակավորման վկայականներ` տրված ոստիկանության համապատասխան հանձնաժողովի կողմից, իսկ մնացածների մեծ մասն ունեն պահնորդի կրթության վկայականներ: 2014թ. դեկտեմբերի 11-ին ընկերությունը վճարել է պետական տուրք` 500.000 ՀՀ դրամ, լիցենզիա ստանալու համար և դեկտեմբերի 12-ին ներկայացվել է ՀՀ Ոստիկանություն դիմում-հայտ` օրենքով նախատեսված փաստաթղթային փաթեթով լիցենզիա ստանալու կապակցությամբ:
Այդ ընթացքում կնքվել են մի քանի իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրեր, սակայն որևէ ֆինանսական գործառույթներ տեղի չեն ունեցել և ընկերության կողմից որոշվել է, որ այդ գործառույթները կարող են լինել միայն լիցենզիա ստանալուց հետո:
Հավաստիացնում եմ Ձեզ, որ Գյումրի քաղաքում «Գրոմ սիքյուրիթի»ՍՊԸ-ն հիմնվել է ոչ միայն շահույթ ստանալու, այլ նաև աշխատատեղեր ապահովելու համար: Մասնավորապես, 2012թ նոյեմբեր ամսից «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊԸ-ն, որի իրավաբանական հասցեն է ք.Երևան, Թումանյան 2-րդ փակուղի, 1-ին տուն, բն. 2, և լիցենզիա է ստացել 2014թ. սեպտեմբեր ամսին, իմ աջակցությամբ Գյումրի քաղաքում ծավալել է պահնորդական գործունեություն: Ես հանդես եմ եկել ներակացուցիչ և՝ ինչպես իրավասու չեմ եղել և՛ այնպես էլ որևէ փաստաթղթի ներքո չեմ ստորագրել: Ֆինանսական, հաշվապահական և գործառույթային բոլոր փատաթղթավորումները իրականացվել են «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊԸ տնօրեն՝ Վ.Դարբինյանի, անվտանգության պետ, գանձապահ Կ.Հովհաննիսյանի և գրասենյակի այլ աշխատակիցների կողմից: Գործունեության ընթացքում պարզվել է, որ միայն Շիրակի մարզում թվով 50 աշխատակցից «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊԸ-ում օրեքով գրանցված են եղել որպես աշխատակից (պահնորդ) ընդամենը 18 անձ, իսկ մնացած 32 անձի հետ եղել են աշխատանքային պայմանագրեր 2012թ.-ից մինչև 2014թ. նոյեմբեր ամիսը տարբեր ժամանակահատվածներում, սակայն օրենքով սահմանված կարգով չեն հրամանագրվել, դուրս մնալով հարկային դաշտից:
Աշխատակիցների մի մասին, որոնք ծառայություն են իրականացրել «ՎիվաՍել ՄՏՍ» գրասենյակներում, գիշերային ժամերին` ժամը 18:00-ից մինչև առավոտյան 09:00-ն ստացել են ընդամենը 35000 ՀՀ դրամ աշխատավարձ, որը խախտում է ՀՀ տարածքում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:
Վերը շարադրվածի արդյունքում աշխատողների և «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊԸ տնօրինության միջև առաջացած խնդիրներին փորձել եմ միջամտել, սակայն վերջիններիս կողմից ստացել ենք ահաբեկումներ մեր հասցեին: Ես, լինելով Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա, քաջ գիտակցելով «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊԸ-ում տեղի ունեցող խախտումներից բխող հետևանքները, դիմել եմ ՍՊԸ տնօրենին և ծառայության պետին, այնուհետև խնդրել և համոզել` օրինական դաշտ մտնելու համար, որի համար ունեմ համապատասխան ապացույցներ, սակայն նրանց կողմից ստացել եմ ահաբեկումներ իմ և ընտանիքիս հասցեին: Չգրանցված լինելու փաստի պատճառով աշխատակիցների մեծ մասը հրաժարվել են հետագայում աշխատել «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊԸ-ի հետ և որպեսզի պահպանենք աշխատատեղերը, իմ կողմից 08.12.2014թ. հիմնվել է «Գրոմ սիքյուրիթի» ընկերությունը:
Անձնական ահաբեկումներից «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊԸ-ն անցել է գործնականի և դիմում գրել Ձեր անունով, որ իբր ընդամենը 08.12.2014 թվականին ստեղծված կազմակերպությունը իրականացնում է ապօրինի գործունեություն:
Վերը շարադրվածի հետ կապված բոլոր մանրամասնությունները բացատրության տեսքով ներկայացվել է ոտիկանության Գյումրի քաղաքի «Մուշ» բաժին և այդ թվում նաև ապացուցողական հիմքերով:
Վստահ եմ, որ Դուք օբյեկտիվ կլինեք և քանի որ իմ կողմից ներկայացրած փաստաթղթային փաթեթը համապատասխանում է օրենքով պահանջվող բոլոր կետերին, չենք մերժվի, առավել ևս, որ ընկերությունը 14 հոգու համար արդեն իսկ աշխատատեղ է ստեղծել և տվյալ մարդիկ իրենց ընտանիքները պահելու հույսը կապել են վերը նշված աշխատանքին անցնելու հետ:
Խնդրում եմ Ձեզ աջակցել որպեսզի լիցենզիայի տրամադրումը չձգձգվի և խնդրում եմ կարգադրել` միջոցներ ձեռնարկելու իմ և ընտանիքիս անվտանգությունը ապահովելու՝ նախազգուշացնելու Վ.Դարբինյանին ձեռնպահ մնալու ինձ և ընտանիքիս նկատմամբ հակաօրինական գործողություններ կատարելուց:
Ես դիմել եմ իրավապահ մարմիններին հույսով, որ հարցին ճիշտ գնահատական կտրվի:
Հարգանքով ՝ «Գրոմ սիքյուրիթի» ՍՊԸ տնօրեն ՝ Վ. Հակոբյան
18.12.2014թ.
Այս բաց նամակը փոստով ուղարկվել է ՀՀ ոստիկանության պետին նույն օրը»,-նշված է նամակում: