Դեղերի թանկացման պատճառներից մեկը պարտադիր դրոշմապիտակավորման հետ է կապված: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
«Դրոշմապիտակների օրենքը գործում է նոյեմբերի 1-ից, մենք փորձում էինք բացատրել, որ դա անիմաստ ծախս է: Մասնավոր հատվածը պարալիզացված է այս օրենքի ընդունումից»,- նշեց Ս. Զաքարյանը: Վերջինս փաստեց, որ պարտադիր դրոշմապիտակների հաշվին 3 տոկոսից ավել թանկացում է նկատվել դեղերի շուկայում: «Այս օրենքի ընդունումից հետո 3 տոկոս թանկացում է գրանցվել, իսկ ընդհանուր առմամբ տարբեր դեղատեսակներ շուրջ 10 տոկոսի չափ թանկացել են: Արժույթի տատանումը ևս իր ազդեցությունն է ունեցել դեղերի գների վրա»,- ասաց միության նախագահը: Նա նշեց նաև, որ անցյալ տարի լավագույն ոլորտներից մեկը դեղագործությունն է եղել: Արտահանումը կազմել էր 29 տոկոս, ներմուծումը` 26 տոկոս:
«2014 թվականի ընթացքում Հնդկաստանից որոշ դեղաքանակ է ներմուծվել Հայաստան, որոնց որակը խիստ կասկածելի է: Մենք դիմեցինք Առողջապահության նախարարություն, և հետաքննություն սկսվեց»,- տեղեկացրեց Սամվել Զաքարյանը: Նա նշեց նաև, որ ԵՏՄ-ին անդամակցությունը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում դեղագործական ոլորտում և միայն 2015 թվականին այս ամենի վիճակը նոր կկայունանա: