ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԵՏԵԼ Է ՊԱՏՈՒՀԱՆԻՑ
Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում 41-ամյա մայրը 5-րդ հարկի պատուհանից դուրս է նետել իր որդուն, ապա ինքն էլ ցած նետվել: Մայրն ու որդին կենդանի են մնացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Տղան ընդամենը 7 տարեկան է: Հարուցվել է քրեական գործ անչափահասի սպանության փորձի հատկանիշներով, որը ենթադրում է մինչեւ ցմահ ազատազրկում:

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ
Թաիլանդում ծնողները, որոնք միանգամից 6 երեխա են ունեցել, նորածիններին կնքել են սիրելի ավտոմեքենաների մակնիշների անուններով` Ֆորչուն (Toyota Fortuner), Պորշե, Մինի, Աուդի, Ֆոլկսվագեն եւ Ֆիատ: Վեց երեխաների ծնվելուց հետո ծնողները ստիպված են եղել վարձել միանգամից 3 դայակ: Կինը հղիացել է արհեստական բեղմնավորմամբ, քանի որ զույգը երկար ժամանակ չէր կարողանում երեխա ունենալ:

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՍԻՐԵԼՈՎ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
«Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութար Փրադեշ նահանգի գյուղերից մեկում իշխանությունները տեղի բնակիչներին արգելել են սիրելով ամուսնանալ եւ մի շարք սահմանափակումներ են ստորագրել կանանց համար»,-գրում BBC-ին: Ասարայի գյուղական խորհրդի անդամները վճռել են, որ այն զույգերը, որոնք սիրելով են ամուսնանում, կարտաքսվեն գյուղից: Ավագանին մինչեւ 40 տարեկան կանանց նաեւ արգելել Է առանց ուղեկցության այցելել հասարակական վայրեր եւ օգտվել շարժական հեռախոսներից: Գյուղի առաջնորդներն իրենց որոշումը բացատրել են տեղի կանանց անվտանգության մասին հոգ տանելու ցանկությամբ:

ԵՂՋԵՐՈՒՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Էստոնիայում մի քանի օրվա ընթացքում միանգամից երկու վթար է տեղի ունեցել եղջերուների պատճառով: Տալին-Տարտու-Վիրու-Լուհամա մայրուղում կենդանուն է բախվել Citroen Berlingo մակնիշի մեքենա: 49-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, եղջերուի մասին չի հաղորդվում: Հաջորդ օրը Կոզե-Յագալա մայրուղում եղջերուին է բախվել Volkswagen Golf մակնիշի մեքենա: Վթարի հետեւանքով տուժել են մեկ տարեկան երեխան եւ նրա 32-ամյա մայրը, որն այդ պահին ղեկին է եղել: Շտապօգնությունը նրանց հիվանդանոց է տեղափոխել: Եղջերուն տեղում սատկել է:

ԱՄԵՆԱՄԵԾ ՇՈՒՆԸ
Աշխարհի ամենամեծ շունը գերմանական դոգ ցեղատեսակի Ջորջ մականունով շունն է: Նրա հասակը 112 սմ է, քաշը՝ 110 կգ, պոչից մինչ դունչը երկարությունը 2,2 մետր է: Շան տերերը վկայում են, որ նա քնում է առանձին երկտեղանոց անկողնում եւ ամսական ուտում է 50 կգ կեր:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս