ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՓԵՏՐՎԱՐԻ ՄԵՋ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ԲՀԿ առաջնորդին եւ նրա շուրջ հավաքված մարդկանց հորդորել է 10-15 օրվա ընթացքում հանրահավաք հրավիրել ու հենց այդ ժամանակ երկխոսել ժողովրդի հետ իշխանափոխության շուրջ:

-Պարո՛ն Պետրոսյան, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի վերաբերյալ, կարծես թե սպասելիքներն ավելի շատ էին, բայց արդյունքը եղավ նույնը, որեւէ կոնկրետ բան չորոշվեց:
-Ուրիշ ի՞նչ պետք է լիներ, նորմալ էր, հիմնականում այն քաղաքական ուժերը, կազմակերպությունները, որոնք պետք է իրենց տեսակետը հայտնեին, ասեցին, ներկայացրեցին: Կարեւորն այն է, որ միավորվում են, բոլորը մտահոգ են երկրի իրավիճակով, բոլորն էլ գիտեն, որ այս իշխանություններն ասելիք չունեն, իրավիճակին չեն տիրապետում: Բոլորն էլ հասկանում են, որ պետք է ոտքի կագնեն, որպեսզի վաղը, մյուս օրն իրենց երեխայի ճակատագրի հարցը լուծվի:
-Բայց դա բոլորի համար վաղուց ակնհայտ է դարձել, ժողովուրդն այսօր սպասում է ոչ թե նման հայտարարությունների, այլ կոնկրետ գործողությունների, որոնց արդյունքում էլ պետք է լինի իշխանափոխությունը: Չեք կարծո՞ւմ, որ ժողովուրդը կհիասթափվի նաեւ ԲՀԿ-ից ու նրա թիմակիցներից, եթե վերջիններս շարունակեն այս կերպ գործել:
-Դե, այդպես միանաշանակ չպետք է ասել, որովհետեւ տարբեր կազմակերպություններ, քաղաքական ուժեր կան, որոնք տարբեր ձեւով են պատկերացնում այդ ամենը: Հիմա արդեն ուրիշ է, բոլորն էլ այժմ համոզվեցին, որ հիմա ժամանակն է՝ անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից, քանի որ այժմ, իսկապես, լուրջ խնդիր ունենք: Իսկ ես համոզված եմ, որ հիմնական որոշումը կայացնելու է ժողովուրդը, հենց ժողովրդի ցանկությամբ է լինելու այն, ինչը բոլորի համար արդեն ակնհայտ է դարձել: Ես արդեն հայտարարել եմ, որ առաջիկայում պետք է հանրահավաք հրավիրել ու համատեղ որոշում կայացնել, թե մենք մեր երկրի ճակատագրի հետ ո՞նց ենք վարվելու: Ես ասել եմ ու շարունակում եմ կրկնել, որ պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից, որպեսզի մենք չկորցնենք մեր երկիրը:
-Ազատամարտիկները կարծես թե ավելի կտրուկ քայլերի են պատրաստ, բայց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչեւ այժմ որեւէ հստակ քայլ չի արել, միայն բավարարվում է հայտարարություններ անելով: Գուցե ազատամարտիկները ԲՀԿ-ից առանձի՞ն գործողություններ սկսեն:
-Մենք զինվորական ենք, գուցե քաղաքական առումով մենք դա այդպես չենք պատկերացնում, բայց այն, որ մեր երկրի համար վիրաբուժական միջամտություն է պետք, դա միանշանակ է: Մենք, ի վերջո, պետք է կարողանանք մի նորմալ իշխանություն ունենալ, թե՞ չէ: Դրսում վախեցած են, ներսում ուժեղ են իրենց զգում, լինում է, չէ, որ տղամարդը դրսում թույլ է լինում ու իր հոգեկան բոլոր լարվածությունները թափում է տան վրա, հիմա մեզ մոտ այդպես է: Ժողովրդին ճնշելով, օտարի ոտքերի տակ սողալով՝ ինչքա՞ն կարելի է ապրել: Իշխանությունը պետք է սիրի իր ժողովրդին, բայց այստեղ հակառակն է՝ ժողովրդին ատում են էդ մարդիկ: Իսկ ես գտնում եմ, որ պետք է օր առաջ ազատվել իշխանություններից, չգիտեմ, եթե ժողովուրդն այլ ելք գտնի… բայց ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը նույնպես կարծում է, որ օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվել:
-Իսկ ըստ Ձեզ՝ Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է մինչեւ վերջ գնալ, Դուք իր հայտարարություններից դատելով` այդպե՞ս եք կարծում, Սերժ Սարգսյանի հրաժարական..
-Իհարկե, միշտ էլ ամեն մի հայտարարությունը տարբերվում է մյուս ելույթից… ու հասկանալի է, որ մոտ է մեր պահանջներին: Բաներ կան, որ չեն հայտարարվում, բայց, դե, անհատական հայտարարությունների ժամանակ է դա ասվում, բաներ կան, որոնք բարձրաձայնելու չի: Դե, մարտավարական հարցեր կան, որոնք տարբեր հանդիպումների ժամանակ քննարկում ենք, կազմակերպչական խնդիրներ կան, դրանք պրոցեսներ են, որոնք մշտապես կան: Իսկ հանրահավաքներից էլ պարզ դարձավ, որ ժողովուրդը դուրս է եկել վախենալու, ահաբեկվելու այդ վիճակից, փա՛ռք Աստծո, մարդիկ վստահում են, գիտեն, թե ինչ են ուզում ու ուր են գնում: Այն, որ մեր ընդդիմությունը շատ հզոր է, դա ակնհայտ է, ուղղակի այժմ պետք է գոնե մեկ անգամ հավաքվել: Այսօրվա առաջնորդների խնդիրը միայն պետք է լինի ժողովրդին հավաքելը, նախաձեռնելն ու ժողովրդի հետ երկխոսելը հենց հրապարակավ: Իսկ իշխանությունն էլ քաջ գիտի, որ եթե ժողովուրդն այսօր հավաքվեց, դա լինելու է իրենց հրաժարականի պահանջը:
-Կարծես թե դեռեւս անհասկանալի է մնում նաեւ այն հարցը, թե ե՞րբ է սկսվելու հանրահավաքային պայքարը, Դուք ինչ-որ առաջարկություն արե՞լ եք Գ. Ծառուկյանին այդ հարցի հետ կապված:
-Ես ինքս առաջարկել եմ, որ մի 10-15 օրվա ընթացքում արդեն հանրահավաք անենք, հիմա չգիտեմ, թե իրենք ի՞նչ կորոշեն, դեռ քաղաքական առաջնորդները թող հանդիպեն, քննարկեն, եթե կհրավիրեն մեզ, մենք էլ կմասնակցենք: Ուղղակի գիտեմ, որ պետք է շուտ անել, ամեն օր երկարաձգելն ավելի վատ վիճակի մեջ է գցելու մեր երկիրը: Եթե ինձ մնար, ապա ես կուզենայի փետրվարի մեջ այս ամբողջ գործընթացն ավարտել:

 

 

 

 

 
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանն ունի սահմանային միջադեպերը շարունակելու քաղաքական, սոցիալական եւ անմարդկային բնույթի բիզնես շահագրգռվածություն, որն է՝ սահմանին զոհված ազերի զինվորների օրգանների վաճառքի բիզնեսը:

-Պարո՛ն Բաբայան, Մյունխենում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ժամանակ կրկին նշվել է, որ Ադրբեջանը սադրիչ գործողություններ է իրականացնում: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Կրակովում Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի հետ հանդիպումից հետո էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որում տարբերակված ձեւով դիմել էին Ադրբեջանին` կատարելու իր ստանձնած հանձնառությունները: Այդ ամենը, սակայն, որեւէ կերպ չի ազդում Ադրբեջանի վրա, ինչո՞ւ:
-Կան մի շարք հանգամանքներ, կան զուտ քաղաքական խնդիրներ, եւ կան նաեւ բիզնես շահեր: Ինչ վերաբերում է քաղաքական խնդրին, ապա Ադրբեջանի այդպիսի լկտի պահվածքն իրենց պետականաշինության հիմքն է հանդիսանում, նախ՝ ներսում կան շատ լուրջ խնդիրներ՝ սոցիալ-տնտեսական բնույթի, նամանավանդ, գերտերությունների մրցակցությունը, նավթի գների անկումը մեծ հարված է Ադրբեջանի տնտեսությանը: Հետեւաբար իրենք պետք է այդ զոհի կարգավիճակն ընդունեն ու դա կապեն թշնամու հետ, որ իբրեւ թե Ադրբեջանը զոհ է, եւ ոչ թե իր սեփական իշխանության կոռումպացված վիճակից է դա: Սրանով փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել: Բնական է, որ սա կապ ունի նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, նրանք, փաստորեն, մեզ շնորհավարում են այդ տարելիցով եւ շնորհավորում են այսպիսի կեղտոտ ձեւով՝ շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը: Կա նաեւ մի անմարդկային բան. դա այն է, որ Ադրբեջանի որոշակի շրջանակներ, որոնք սերտ կապված են իշխանությունների հետ, ունեն բավական շահավետ մի բիզնես՝ վաճառում են զոհված զինծառայողների օրգանները միջազգային սեւ շուկայում: Այդ շուկային միշտ պետք է թարմ նյութ, թարմ ռեսուրս, թարմ հումք, իսկ սահմանին զոհված զինծառայողը լավագույն տարբերակն է, քանի որ այնտեղ վերահսկողություն չկա, ու իրենք թաքցնում են իրենց զոհերի թիվը կամ 5-10 անգամ նվազեցնում: Այսինքն՝ փողի համար իրենք ամեն ինչի գնում են:
-Եթե այժմ Ադրբեջանը միջազգային հանրության կարծիքը հաշվի չի առնում, ու ինչպես բնորոշեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Ա. Հովհաննիսյանը՝ սահմանի վրա դանդաղ պատերազմ է, այդ դեպքում ինչո՞ւ նույն կերպ չի արձագանքում հայկական կողմը:
-Անպայման հակահարված տրվում է, մենք այդպես էլ անում ենք, դա միանշանակ է: Բայց մենք դիմում ենք նաեւ միջազգային հանրությանը, որովհետեւ մենք, ի տարբերություն իրենց, բարբարոսներ չենք: Միեւնույն ժամանակ մենք նաեւ հասկանում ենք, որ նրանց անմիջական սանձազերծելու միջոցը դա ուժգին հակահարվածն է: Մեր ռազմավարությունը կոչվում է ակտիվ պաշտպանություն, որը նշանակում է ոչ միայն պաշտպանություն, այլեւ հարկ եղած դեպքում նաեւ՝ հակահարվածներ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ նրանք ահաբեկչական գործողությունների են գնում՝ սահմանային ահաբեկչության:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՅՑ
«Արբրեն» ՍՊԸ-ն եւս դատական հայց է ներկայացրել «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ -ի դեմ` 7 միլիոն 741 հազար 341 դրամ գումար բռնագանձելու պահանջով: «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ն, ինչպես հայտնի է, պատկանում է Երեւանի նախին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին, եւ հենց այդ ընկերությունն է կազմակերպում «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի գործունեությունը: «Արբրեն» ՍՊԸ-ն զբաղվում է խմիչքների ներմուծմամբ: Վերջինս դատարանին միջնորդել է նախկին ոստիկանապետի որդու ընկերության դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնել: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավարարել է միջնորդությունը: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ միանգամից առնվազն երկու ընկերությունների հայցերի հիման վրա Երեւանի նախկին ոստիկանապետի որդու ընկերության գույքի ու դրամական միջոցների վրա կալանք է դրվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ եւս դատական հայց էր ներկայացրել «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ` պահանջելով ավելի քան 5 միլիոն դրամ:

 

ԾԵԾԵԼ Է ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի Արին բերդի փողոցում՝ «Մսի կոմբինատ» կոչվող տարածքում, փետրվարի 5-ին երկու կանանց միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք: Ըստ ականատեսների՝ Անժելա Սարգսյան անունով մի կնոջ դաժան ծեծի է ենթարկել ոմն Մարիամ: Տարածքում ապրող բնակիչներն Անժելային գտել են երեկոյան, ում էլ Անժելան պատմել է, որ իրեն ծեծել է Մարիամ անունով մի կին: Տեղի բնակիչները շտապօգնություն են կանչել եւ Անժելային մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ծեծված կնոջ հարազատներից մեկն ասաց, որ Անժելան կատարվածի մասին պատմել է ոստիկաններին, եւ վերջիններս այժմ փնտրում են Մարիամին: Իսկ թե ինչու են երկու կանայք անողոքաբար իրար ծեծել, Անժելայի հարազատը չցանկացավ ասել` նշելով, թե այդ մասին կխոսեն միայն այն ժամանակ, երբ Մարիամը կհայտնաբերվի:

 

ՈՒԺԸ ԿԿՈՐՑՆԻ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 11-ին կայանալիք նիստում ուժը կորցրած կճանաչի Կարբի գետի 3-րդ վտակի վրա «Կարբի ջրհոս» փոքր հիդրոէլեկտրակայանի վերականգնման համար տրված լիցենզիան: Նշված լիցենզիան 2012-ի փետրվարի 1-ին երեք տարով տրվել է «Կարբի ջրհոս» ընկերությանը, որը գրանցված է ՀՀ Լոռու մարզի Շահումյան համայնքում: Նշենք, որ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո մեկամսյա ժամկետում «Կարբի ջրհոսը» երաշխիքային 2 մլն 500 հազար դրամը պետք է փոխանցի պետական բյուջե:




Լրահոս