Բժշկասոցիալական փորձաքննություն առաջին անգամ անցնելու համար քաղաքացին պետք է դիմի իր հաշվառման կամ փաստացի բնակության վայրը սպասարկող բժշկական կազմակերպություն /տարածքային պոլիկլինիկա/:
1. Մինչ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվելը, քաղաքացին բժշկական կազմակերպությունում պետք է անցնի անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումները և ավարտից հետո միայն կազմակերպությունը կարող է ուղեգրել անձին բժշկասոցիալական փորձաքննության, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում անձին մասնագետները կարող են ուղեգրել փորձաքննության՝ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ՝ քան բուժման անցնելուց 3 ամիս հետո (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի):
2. Աշխատող քաղաքացիների դեպքում անհրաժեշտ է, որ քաղաքացին առնվազն 80 օր ունենա ժամանակավոր անաշխատունակության օրեր, որի վերաբերյալ տարածքային պոլիկլինիկան ամբուլատոր քարտում կկատարի համապատասխան նշումներ ժամանակավոր անաշխատունակության օրերի և տրված թերթիկի վերաբերյալ:
3. Քաղաքացին առողջապահական կազմակերպությունից տրված ուղեգիրը (թիվ 088 ձև, իսկ երեխաների դեպքում՝ 088-1 ձև), ինչպես նաև առողջության խաթարումը հավաստող բժշկական փաստաթղթերը և դիմումը ներկայացնում է տարածքը սպասարկող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով/ ԲՍՓՀ/:
4. Վերափորձաքննություն անցնելու նպատակով /վերափորձաքննված է համարվում այն քաղաքացին, ով երբևէ ենթարկվել է բժշկասոցիալական փորձաքննության՝ անկախ փորձաքննության արդյունքներից/ քաղաքացին դիմումը անմիջապես ներկայացնում է համապատասխան ԲՍՓՀ /կամ մասնագիտացված/՝ կցելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարված բուժական, վերականգնողական և ախտորոշիչ միջոցառումների և դրանց արդյունքների մասին իր բժշկական փաստաթղթերը:
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները, որոնց կազմավորման և գործունեության կարգը սահմանել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ 14 նոյեմբերի 2002 թվականի N 18 22-Ն որոշմամբ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժին