ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում սպանություն է տեղի ունեցել: Գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում, հրազենային բազմաթիվ վնասվածքներով, անգիտակից վիճակում «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Էդգար Խոջոյանը:
Սպանվածը Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի բնակիչ է եղել: Նա Աբովյանում գործող «Ավազառ» տաքսի ծառայության տնօրենի աներորդին էր: 30-ամյա երիտասարդը Ռոստովում կահույքագործությամբ էր զբաղվում եւ Հայաստան էր եկել օգոստոսի 17-ին: Սպանության օրը, ըստ բնակիչների, Էդգարը «քեֆից» է եկել: Տուն բարձրանալու ժամանակ նրա վրա կրակել են:
Նույն գիշեր՝ ժամը 03:00-ի սահմաններում, Է. Խոջոյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պատրաստելը, օգտագործելը) հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրում հայտնաբերվել է 7 կրակված պարկուճ եւ մեկ չկրակված գնդակ:
Ըստ աբովյանցիների` նշված տաքսի ծառայությունն առաջիկայում մրցույթի էր մասնակցելու Աբովյանում հայտնի Արթուր Հարությունյանի՝ Պալաչի երթուղիների հետ: Կան կասկածներ, որ հանցագործը շփոթմամբ սպանել է Է. Խոջոյանին, քանի որ հնարավոր է՝ նրա փոխարեն պետք է լիներ փեսան՝ «Ավազառ» տաքսի ծառայության տնօրենը: Սակայն բնակիչները խուսափեցին պատասխանել մեր հարցերին՝ հրաժարվելով խոսել Պալաչից:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արթուր Հարությունյանից, որը զարմացած ասաց. «Պարսկաստանում էլ երկրաշարժ է եղել: Իմ անունը դրա հետ չե՞ք կապում: Ես շատ զբաղված եմ ու ոչ մի բանի հետ կապված չեմ: Ոչնչից տեղյակ չեմ»:
Իսկ «Ավազառ» տաքսի ծառայությունում բոլոր աշխատակիցները լարված էին ու վախեցած. «Բնակիչներ են էլի՛, ինչ ուզում ասում են: Դրա ժամանակը չէ: Մենք հիմա չենք կարող խոսել այդ մասին: Գնացե՛ք, ոստիկանությունից իմացե՛ք»:  

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս