ՁԱԽՈՂՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության շենքի մոտ հավաքված զոհված զինծառայողների մայրերը ձախողեցին հանրապետականների կազմակերպած անկախության հռչակագրի տոնակատարությունը: «Ի՞նչ անկախություն, սա՞ է ձեր անկախությունը, ո՞ւմ շնորհիվ եք այն ձեռք բերել, ո՞վ պետք է պատասխան տա մեր երեխաների համար, ա՛յ անամոթներ»,-միջոցառման մասնակիցներին  նման վանկարկումներով դիմեցին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը` տոնակատարությունը վերածելով լաց ու կոծի եւ անհանդուրժողականության մթնոլորտի:
Ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ են հավաքվում զոհված զինծառայողների մայրերը, ինչպես նաեւ բազում խնդիրների առաջ կանգնած մի խումբ քաղաքացիներ` սպասելով իրենց պահանջների իրագործմանը: Սակայն այս հինգշաբթին արտառոց էր: Երեկ, մինչ քաղաքացիները կառավարության շենքի դիմաց սպասում էին  նախարարների դուրս գալուն, շենքի մյուս կողմում մեծ տոնակատարություն էր քաղաքական դեմքերի ներկայությամբ:
Անկախության հռչակագրի տոնին ուրախ տրամադրությամբ իրենց ներկայությունն էին ապահովել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Կարեն Ավագյանը, Խոսրով Հարությունյանը եւ այլք: Ամեն ինչ ընթանում էր ըստ նախատեսվածի մինչեւ այն պահը, երբ զինծառայողների մայրերը նկատեցին, որ նախարարներից շատերը հեռացել են հետնամուտքից, իսկ մի մասն էլ տոնակատարությանն է  մասնակցում:
Մայրերը, իրենց երեխաների լուսանկարները ձեռքներին, կամաց-կամաց մոտեցան միջոցառման մասնակիցներին, եւ հավաքվածների մոտ անմիջապես նկատվեց տրամադրության անկում: Միջոցառումը բաժանվել էր երկու մասի` անարդարության զոհ դարձած զինծառայողների մայրերի եւ տոնակատարության` արդեն ոչ ուրախ, հայտնի եւ անհայտ դեմքերի:
Մինչեւ միջոցառման ավարտը Հրանուշ Հակոբյանի սիրտը «չդիմացավ». նայելով մահացած զինծառայողների լուսանկարներին` նա հեռացավ: Մայրերը, նկատելով, որ պաշտոնյաները  կամաց-կամաց հեռանում են, սկսեցին բարձրաձայն գոռալ: Իրավիճակը փրկելու համար նվագախումբը սկսեց ուրախ երաժշտություն նվագել: Մայրերին անմիջապես մոտեցան Մարգարիտ Եսայանը եւ Խոսրով Հարությունյանը: «Տիկի՛ն Եսայան, մի պարզ խնդրանք, մյուս հինգշաբթի սգավոր ծնողների կողքին եկե՛ք, կանգնե՛ք»,-առաջարկեց ծնողներից մեկը: «Բայց դա ի՞նչ է տալու: Այս հինգշաբթի՞: Կգամ»,-այնուամենայնիվ, խոստացավ Մարգարիտ Եսայանը:
Մինչ բանակցությունները շարունակվում էին, «Ժողովուրդ»-ը նկատեց, որ հավաքվածներից քիչ հեռու «ֆոտոսեսիա» էր անցկացնում պատգամավոր Կարեն Ավագյանը: Նա այնքան զբաղված էր, որ փորձ էլ չարեց մոտենալ մայրերին` հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Պարզ էր մի բան. միջոցառումը երկար կշարունակվեր, եթե զոհված զինծառայողների մայրերը չմիանային ՀՀԿ-ականների տոնին: Նրանց ներկայությունը ստիպեց մասնակիցներին ամեն ինչ արագ ավարտել ու հեռանալ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս