Մասիսի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու ԲՀԿ-ական Ավետիք Դալլաքյանն իր որդու եւ Մասիսի ՀՀԿ կառույցի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած ընդհարումից հետո ինքնաբացարկ է ներկայացրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դալլաքյանը նշեց, թե սա պայմանավորված է ոչ թե իր որդու ձերբակալությամբ, նրա դեմ հարուցված քրեական գործով, այլ առողջական վիճակով:
-Ի՞նչն էր պատճառը, որ ինքնաբացարկ ներկայացրիք:
-Առողջականս լավ չէ, հիմա էլ հիվանդ պառկած եմ: Ու այդ պատճառով որոշեցի հանել թեկնածությունս:
-Հիմա եք հիվանդ պառկած, բայց հետո լավանալու եք, չէ՞:
-Հա՛, լավանալու եմ: Բայց քարոզարշավի ժամանակ չէի կարող մարդկանց հանդիպել, չէի կարող էդ ձեւ առաջ գնալ:
-Բայց տեսակետ կա, որ ԲՀԿ-ն հրաժարվել է Ձեզ սատարելուց, եւ այդ պատճառով եք ինքնաբացարկ ներկայացրել:
-ԲՀԿ-ն ինձ պաշտպանել ա: Մինչեւ էս ամեն ինչը ես ինքս եմ ինքնաբացարկ ներկայացրել:
-Եթե ինքնաբացարկ չհայտնեիք, ԲՀԿ-ն կսատարե՞ր Ձեզ:
-ԲՀԿ-ն մեր կուսակցությունն ա, եւ ԲՀԿ-ն մեր երեքի թեկնածությունն էլ պաշտպանել ա: Բայց մինչեւ էն նիստը, որ էդ թեմայով եղավ, ես արդեն ինքնաբացարկ էի ներկայացրել:
-Արդյոք Ձեր ինքնաբացարկը կապ չունի Ձեր որդու դեմ հարուցված քրեական գործի, նրա ձերբակալության հետ: Լուրեր կան, որ այդ միջոցով են Ձեզ ստիպել հանել թեկնածությունը:
-Ինձ ոչ մեկը չի ստիպել, չի էլ կարա ստիպի: Ես իմ կամքով հրաժարական եմ տվել՝ իմ առողջականից ելնելով:
-Իսկ Ձեր տղայի հետ կապված գործն առի՞թ չէր, որ հրաժարական տայիք:
-Ո՛չ, ո՛չ:
-Ձեր հանդեպ ճնշումներ չե՞ն եղել:
-Ո՛չ, ոչ մի ճնշում էլ չի եղել:
-Իսկ հիմա ի՞նչ փուլում է գտնվում Մասիսում տեղի ունեցած այդ կրակոցների գործը, որի կապակցությամբ նաեւ Ձեր որդուն են ձերբակալել:
-Ա՛յ ցավդ տանեմ, այդ կրակոցները սարքեցին: Ոնց որ Սիրիայում կամ Աֆղանստանում: Ի՞նչ կրակոց: Որսորդական հրացանից մեկն է կրակել օդի մեջ, սուտի պիստալետով մեկն է կրակել օդի մեջ, ու սարքեցին կրակոցներ, կրակոցներ: Մեր լրատվական մարմինները սարքեցին կրակոց: Մի քաղաքի մեջ ապրող տղերքն իրար դուշմա՞ն էին, ի՞նչ էին, որ կրակեին: Մի փոքր անհամաձայնություն էր եղել, երեխայական հանել, օդ են կրակել: Ոչ մեկին չեն վնասել, ոչ մեկի քթից արյուն չեն բերել: Ի՞նչ կրակոցների մասին է խոսքը: Էնպես են կրակոցների մասին խոսում, ոնց որ մի կողմից աֆղաններն են, մյուս կողմից էլ՝ սովետի բանակը:
-Հնարավո՞ր է՝ առաջիկայում Ձեր որդուն ու նրա հետ վիճաբանածին ազատ արձակեն:
-Երկուսին էլ շատ շուտով ազատ կարձակեն: Ուղղակի լրատվական մարմինները սարքեցին կրակոցներ, նախաքննական մարմիններն էլ իմացան՝ ահաբեկիչներ են, մարդասպան են, մարդ ուղարկեցին: Այս ամենը պատահական զուգադիպություն էր, որ անցել, գնացել է: Մենք արդեն մոռացել ենք էդ մասին:
ՄԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ ԵՆՔ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ԳԱԼՈՅԱՆ