Ավան-Առինջում ձերբակալված Թի՞զն է Գաստիկին զենք տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը, երեկ ժամեր շարունակ Ավան-Առինջում իրավապահ մարմինների կողմից իրականացվել են օպերատիվ-որոնողական աշխատանքներ: Ականատես-բնակիչներն Armlur.am-ին հայտնել են, որ տեսել են, թե ինչպես են հատուկ ջոկատայինները վնասազերծման աշխատանքներ իրականացնում:

Armlur.am-ի տեղեկություններով, երեկ հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել են եղբայրներ՝ Սուրեն և Կարեն Երեմյանները: Վերջիններս, ինչպես նաև նրանց եղբայրը` Արմեն Երեմյանը, ով հանդիսանում է Երևանի ավագանու ՀՀԿ անդամ, հանդիսանում են Ավանի Նոր Զովք սուպերմարկետների տարածքի սեփականատեր։ Եղբայրներից կրտսերը «Թիզ» մականվամբ Կարեն Երեմյանն է, ով բավական մտերիմ հարաբերությունների մեջ է Երրորդմասցի Լյովիկի սպանության համար հետախուզվող քրեական հեղինակություն Գաստիկի հետ։

Նաև նշենք, որ armtimes.com կայքի տվյալներով, ապօրինի զենք կրելու համար ձերբակալվել է Գաստիկի մտերիմ ընկերը՝ Հարություն Խաչիկյանը՝ Գաբո մականունով։ Այս ձերբակալությունները կատարվում են Նուբարաշենում քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության շրջանակում։

Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ այս պահի դրությամբ ձերբակալվածներից որևէ մեկն ազատ չի արձակվել:

Լուրեր են շրջանառվում, թե իրավապահներն առգրավել են նաև Ավան-Առինջում գտնվող Նոր-Զովքի տեսանկարահանող սարքերը:

Ավելացնենք նաև, որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Երեմյան եղբայրները լուրջ խնդիրներ ունեին քրեական հեղինակություն Նոր-Հաճնեցի «Պռատի» հետ, ինչն առիթ էր տվել ավելացնել իրենց անվտանգության աշխատակիցների քանակը: Այս հակամարտություններից հետո «Թիզին» կիսամեռ վիճակում հարազատները գցել էին հենց Նոր-Զովք խանութի դիմաց:

Ի դեպ, լուրեր կան նաև, թե «Թիզը» եղել է Երրորդմասցի Լյովիկին և նրա ընկերներին սպանելու մեջ մեղադրվող Գաստիկին զենք «մատակարարողը»: Որքանով են հավաստի այս տեղեկությունները, ցույց կտան քննության արդյունքները, սակայն փաստն այն է, որ իրավապահ մարմինների կողմից «որս» է իրականացվում քրեական աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ:




Լրահոս