Դուբայից վերադառնալուց հետո Գագիկ Ծառուկյանին սգահան արեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու եւ նրա փոխարեն այդ պաշտոնում Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանին նշանակելու փաստը, թերեւս վերջին օրերին Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած միակ իրադարձությունն է:

Այն, որ Արամ Հարությունյանը պետք է ազատվեր մարզպետի պաշտոնից, թերեւս ակնհայտ էր վաղուց: Նա մի քանի այլ մարզպետների պես իր պաշտոնավարման ընթացքում այդպես էլ չկարողացավ իրեն վստահված մարզի կառավարումն ամբողջությամբ իր հսկողության տակ վերցնել: Հայաստանում նախարարների եւ մարզպետների պաշտոնանկության համար, եթե այն պայմանավորված չէ կառավարության կազմի փոփոխությամբ, անհրաժեշտ է, որպեսզի մինչ այդ հստակեցվի, թե նրան այդտեղից ուր են «տանելու»:

Սովորաբար մեկ այլ, պակաս պատասխանատու պաշտոնի են տեղափոխում, կամ էլ եթե նման հնարավորություն չի լինում, իսկ պաշտոնանկության խնդիրն էլ այլեւս հնարավոր չի լինում հետաձգել, ապա նախկին նախարարին կամ մարզպետին «տանում» են վարչապետի կամ հանրապետության նախագահի խորհրդական: Արամ Հարությունյանի դեպքում թափուր պաշտոն գտնելու խնդիրը հեշտ լուծելի հարց է. Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը վաղուց արդեն թափուր է: Նա հենց այդ պաշտոնում էլ նշանակվեց:

Սակայն, ինչու որոշվեց այս փուլում փոխել Կոտայքի մարզպետին, եթե պատճառն այն էր, որ նա չէր կարողանում մարզը վերահսկել, ապա այդ տեսանկյունից նույն Գեղարքունիքի, Արմավիրի, Տավուշի եւ մնացած մարզպետների վիճակն առավել բարվոք չէ: Ի դեպ, «վերահսկել» ասելով նկատի չունենք մարզի լավ կամ վատ կառավարում: Ներկա իշխանությունները` կլինի նախագահ, վարչապետ, նախարար, մարզպետ, թե մեկ այլ պաշտոնյա, իրենց համընդհանուր կոռումպացված բնույթով, միեւնույն է, ի վիճակի չեն Հայաստանը նորմալ կառավարել, որպեսզի պետությունը ընթանա դեպի զարգացում: Այսինքն, վերահսկել-չվերահսկել ասելով նկատի ունենք արդյոք կարողանում է մարզը բռի մեջ պահել: Այս տեսանկյունից իշխանությունների համար միակ «հաջողվածը» Սյունիքի մարզպետն է եւ դա է պատճառը, որ նա ինչ հանցանք էլ անի, միեւնույն է շարունակելու է պաշտոնավարել:

Արամ Հարությունյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից հանելը թերեւս մեկ պատճառ ուներ, նրա պաշտոնն անհրաժեշտ էր մեկ ուրիշին այդտեղ «տեղավորելու» համար: Այդ մեկ ուրիշն էլ Կարապետ Գուլոյանն էր, որի պաշտոնավարումը Աբովյանի քաղաքապետի պաշտոնում պետք է ավարտվեր 2016 թվականի աշնանը: Եթե Գուլոյանը շարունակեր, որպես քաղաքապետ պաշտոնավարել, ապա ինչպես պետք է նա իրեն պահեր սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Իբրեւ քաղաքապետ նա պարտավորված էր լինելու այդ գործընթացում ներգրավվել: Կասկած չկա, որ սահմանադրական փոփոխությունների օգտին Աբովյանում ամենաակտիվ քարոզչություն իրականացնողը հենց նա էր լինելու:

Բայց սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզչություն ծավալելով` նա, մեղմ ասած, կվիրավորեր իր աներոջը, որը իր քաղաքական գործունեության մայրամուտին կտրականապես դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը: Իհարկե, կարող է հարց ծագել, որ եթե այդպես է, ապա ՀՀ իշխանությունները կարող էին Կարապետ Գուլոյանին ստիպել, որպեսզի նա եւս հրաժարական ներկայացնի եւ գնա տուն, ինչպես դա արեց նրա աները: Սակայն, խնդիրն այն է, որ Կարապետ Գուլոյանը ոչ միայն Գագիկ Ծառուկյանի փեսան է, այլ նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու քենակալը («բաջանաղը»): Այսինքն, Հովիկ Աբրահամյանը չէր կարող թույլ տալ, որպեսզի Կարապետ Գուլոյանի թևից բռնեին եւ դուրս հրավիրեին:

Իսկ որպես մարզպետ` Կարապետ Գուլոյանը կարող է այլեւս չխառնվել քաղաքական գործընթացներին եւ մնալ ստվերում: Այս տեսանկյունից ուշագրավ է այն փաստը, որ իր նշանակումից հետո, երբ Գուլոյանը դուրս էր եկել կառավարության նիստերի դահլիճից, իրեն մոտեցած լրագրողներին ասել էր, թե քաղաքական բնույթի հարցերի չի պատասխանի: Այլ կերպ ասած, քաղաքական թեմաները Գուլոյանի համար նույնքան պայթյունավտանգ են, որքան կայծը` վառոդի համար:

Աբովյանի քաղաքապետի պաշտոնն, ամենայն հավանականությամբ կտրվի, գործարար Արթուր Հարությունյանին, ով հայտնի է Պալաչ մականունով: Ինչպես հայտնի է, նա Գագիկ Ծառուկյանի սանիկն է, բայց մոտ երեք տարի առաջ նրանք գժտվեցին, որից հետո Հարությունյանը մարտահրավեր նետեց իր քավորին և դեռ անցած տարվանից սկսել էր նախապատրաստվել Աբովյանի քաղաքապետի հերթական ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենային 2016 թվականի աշնանը: Սակայն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ եւ Արթուր Հարությունյանը կարող է իր ծրագրերն ավելի արագացված կարգով լուծել: Նրան` Աբովյանի քաղաքապետ դարձնելով` իշխանությունները կզրոյացնեն այդ քաղաքում դեռեւս պահպանվող Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը: Այլ կերպ ասած, իշխանությունները ավարտին կհասցնեն ԲՀԿ նախկին առաջնորդի «վնասազերծման» գործընթացը, որպեսզի նա երբեւէ այլեւս չկարողանա իր մասին զգացնել տալ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս