Նոր ծրագրով ցանկանում են լուծել գյուղական համայնքների ջրի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ներկայացրեց ՀՀ կառավարության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված` «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը:

Նշենք, որ սյդ վարկով նախատեսվում է առավել աղքատ գյուղական համայնքներում կառուցել ենթակառուցվածքներ՝ խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծման նպատակով:   Վարկային ծրագիրն իրականացվելու է` ըստ մարզերի:

Հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խնդրեց նախարարության ներկայացուցիչներին գյուղացիներին առավել պարզ բացատրել, թե ինչ է իրականացվելու այդ վարկով:

Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ խմելու և ոռոգման ջրի հետ կապված 500 համայնքներում, ըստ առաջնահերթությունների, իրականացվելու են ենթակառուցվածքների կառուցում:

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ նախարարության ներկայացուցիչների փաստարկները համոզիչ չեն և նշեց.  «Վարկային հանձնառությունների պատմության մեջ կա մտահոգություն. վարկառու բոլոր կազմակերպությունները միշտ նախատեսում են գումար ուսումնական ծրագրերի համար, բայց պարտադիր չէ, որ դրանք անպայման վերցվեն խորհրդատվությունների ու ուսումնական դասընթացների համար»:

Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ այն գումարները, որոնք տրամադրվում են այդ խորհրդատվություններին ու ուսումնական դասընթացներին, բարձրացնում են ֆերմերների իրազեկումը:




Լրահոս