«Ուեսթի կես ժամանոց համերգի համար Ադրբեջանն ու Թուրքիան ցանկացած չափի գումար կտային»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան ժամանած ռեփեր Քանյե Ուեսթի` ապրիլի 12-ի նախապես չհայտարարված, անվճար համերգը Կարապի լճի մոտ խելահեղ ավարտ ունեցավ: Երևանում մթնոլորտը թեժացավ համերգի ընթացքում Քանյեի` Կարապի լիճ անսպասելի ցատկից հետո: Մեգաաստղի խենթությանն առանց հապաղելու հետևեցին մեծ թվով երկրպագուներ եւ լուսանկարիչներ: Այս միջադեպից հետո հայտարարվեց համերգի ավարտը, սակայն կրքերը չէին հանդարտվում:

Երգիչ Գրիգոր Կյոկչյանը, ով ներկա է եղել համերգին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ երբ ինքն ու ընկերները լսել են կայանալիք համերգի մասին, իրենց թվացել է, թե դա չար կատակ է.

«Երբ մենք հասանք Կարապի լիճ, մոտ 20-30 հոգի կար, ու առանց գովազդի ընդամենը 40 րոպեում մոտ 3000 հոգի հավաքվեց: Կարծում եմ` գիտակցաբար էին գիշերը կազմակերպել համերգը, որպեսզի հավաքվեր այն մասսան, որը ոչ թե ընկալում էր նրան որպես էկզոտիկ երեույթ, այլ իրոք գնահատում էր Քանյեի դերը համաշխարհային երգարվեստում ու նորաձեւության ոլորտում: Զգացողություններն աննկարագրելի էին: Այն, ինչ արեց Ուեսթը Հայաստանի համար կես ժամվա ընթացքում (համաշխարհային մեդիան ողողեց լուրերով, «Ցեղասպանություն», «Հայաստան» հեշթեգերով), 100 անգամ ավելի արդյունավետ էր հայերի տարած փիար-քաղաքականությունից` կապված Ցեղասպանության թեմայի հետ»,-ասաց երգիչը:

Գրիգորի համոզմամբ` Ուեսթի շնորհիվ հայ երիտասարդների շրջանում նոր շունչ մտավ, կոտրվեցին բարդույթները, ինչ-որ բան դեպի լավը փոխելու ձգտում առաջացավ:
«Ի դեպ, Քիմն ու Քանյեն այն գերաստղերն են, որոնք իրենց փառքի գագաթնակետին են եկել Երեւան, ոչ թե դրանից հետո»,-նկատեց երգիչը:

Նա համոզված է, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստ կլինեին վճարել այս աստղերին ցակացած չափի գումար, միայն թե նրանք փիար անեին իրենց երկիրը, իսկ, ահա, Հայաստանում Քիմն ու Քանյեն դա արեցին անվճար: Այս առիթով երգիչ Գոռ Սուջյանը, ով եւս ներկա է եղել Ուեսթի համերգին, մեզ հետ զրույցում ընդգծեց. «Հայերս պետք է շնորհակալություն հայտնենք արտիստին, որ նման նվեր արեց մեր ազգին, այդքան պահանջված ու թանկ վարձատրվող երգիչ լինելով հանդերձ` անվճար համերգ ունեցավ Երեւանում, ինչը գովելի էր»:

Ի դեպ, համացանցում արդեն մեմեր են տարածվել Քանյեի` Կարապի լիճ ցատկելու վերաբերյալ: Twitter-ի օգտատերերից մեկը մի լուսանկար է հրապարակել ու գրել.«Կարապի լճից ջուր է վաճառվում: Դրան դիպել է Քանյե Ուեսթի մաշկը»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս